Փոխնախարար Գաբրիել Ղազարյանն Աշխաբադում մասնակցել է սպորտի և կրթության հարցերի վերաբերյալ միջազգային գիտաժողովի
13-11-2017 15:17:16 | Թուրքմենստան | Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը Աշխաբադում մասնակցել է սպորտի և կրթության հարցերի վերաբերյալ Թուրքմեստանի սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովին, որի նպատակն էր խթանել մասնակից երկրների միջև սպորտի և կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, առկա ներուժի բացահայտմանը և փոխշահավետ համագործակցությանը:
Գիտաժողովի շրջանակներում Գ. Ղազարյանը հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Պուրլի Ագամուրադովին ու նրա հետ խոսել սպորտի և երիտասարդության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին: Թուրքմենական կողմի խնդրանքով, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կաջակցի թուրքմեն մարզիկներին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին: Մասնավորապես, կկազմակերպվեն համատեղ ուսումնամարզական հավաքներ, ինչպես նաև տարբեր մարզաձևերի մարզչական սեմինարներ՝ հայ մասնագետների մասնակցությամբ:
Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի ռեկտոր Սարև Ալլադուդիի հետ նախարարի տեղակալը քննարկել է Թուրքմենստանում սպորտային տուրիզմի վերաբերյալ հարցեր և նրան տեղեկացրել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը շուտով կավարտի Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները:
Գիտաժողովի ընթացքում կայացած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն հայկական կոխ ըմբշամարտը կընդգրկվի ազգային մարզաձևերի միջազգային մրցաշարերում՝ որպես մրցումային մարզաձև: