«Սոցիալական ծառայությունները նպաստ նշանակելու համար որոշակի գումարներ են վերցնում ընտանիքներից». Պարզաբանում է Արտեմ Ասատրյանը


«Սոցիալական ծառայությունները նպաստ նշանակելու համար որոշակի գումարներ են վերցնում ընտանիքներից». Պարզաբանում է Արտեմ Ասատրյանը

  • 14-11-2017 13:20:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Մեծ թվով ահազանգեր ենք ստանում այն մասին, որ սոցիալական ծառայությունները նպաստ նշանակելու համար որոշակի գումարներ են վերցնում ընտանիքներից. նախարարությունում նման ահազանգեր ստացվո՞ւմ են, արդյոք բացահայտվե՞լ են նման դեպքերը»,- այսօր Ազգային ժողովում այս հարցով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
 
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
 
Նախարարը նախ՝ ասաց, որ պատգամավորի բարձրաձայնած խնդիրն իրավապահ մարմինների գործառույթ է. «Ձեր նշած ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար աշխատում ենք տեղեկատվությունը հնարավորինս կիրառելի դարձնել մեր ոլորտում գործող մարմինների համար»:
 
Խոսելով ահազանգեր ստանալու մասին՝ նախարարն ասաց, որ իրենք ստանում են նման ահազանգեր.
 
«Այո, քաղաքացիներից ահազանգեր եղել են, նաև մենք ունեցել ենք մամուլի հաղորդագրությունների հիման վրա այցելություններ կոնկրետ տարածքներ և ուսումնասիրություններ ենք արել, ու, եթե քաղաքացին կամ առկա տեղեկատվությունը հիմք է հանդիսացել՝ իրավապահ մարմիններին դիմելու, դա արվել է, իսկ որպես կանոն՝ քաղաքացիներն իրենց գրավոր տեղեկատվությունը մերժում են կամ չեն հաստատում, որ իրենք տեսուչի հետ որևէ հարաբերությունների մեջ են եղել»:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը