Հայերեն թարգմանված «Մանյունյա» գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Տավուշի սահմանամերձ համայնքներին


Հայերեն թարգմանված «Մանյունյա» գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Տավուշի սահմանամերձ համայնքներին

  • 14-11-2017 13:43:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայերեն լեզվով թարգմանված «Մանյունյա» գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Տավուշի սահմանամերձ համայնքներին՝ երեխաների կարիքները հոգալու նպատակով։
 
Այս մասին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց անձամբ «Մանյունյա»-ի հեղինակ, ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանը: 
 
Ըստ նրա՝ գիրքը պատմում է Բերդ գյուղաքաղաքում ծնված մի ամբողջ սերնդի մանկության, ընկերուհիներ՝ Մանյունյայի և Նարինեի, նրանց չարաճճիությունների և շիլաշփոթ պատմությունների մասին: 
 
Նարինե Աբգարյանը խոստովանեց, որ թարգմանչուհի Նարինե Գիժլարյանը իր «Մանյունյա» գիրքն այնքան հաջող է թարգմանել հայերեն, որ ինքը երբեք այդպես չէր կարողանա գրել մայրենի լեզվով։
 
«Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել»,- նկատեց մանկագիրը՝ հավելելով. «Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն»:
 
Ն. Աբգարյանի փոխանցմամբ՝ զվարճալի պատմությունների նշյալ ժողովածուն թարգմանվել է մի քանի լեզուներով և կարճ ժամանակահատվածում սիրվել փոքրիկների կողմից: 
 
Երևանի պետական Կամերային թատրոնում տեղի ունեցած շնորհանդեսի ներկաները հնարավորություն ունեցան գիրքը ձեռք բերել հատուկ գնով և հեղինակի մակագրությամբ։
 
Նշենք, որ հայերեն լեզվով «Մանյունյա»-ն լույս է տեսել «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի աջակցությամբ 1000 օրինակով: 
 
Գրքի ռուսերեն տարբերակի ավելի քան 2000 օրինակ արդեն իսկ վաճառվել է։  
Նարինե Աբգարյանն արժանացել է Ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» և «BABY HOC» մրցանակներին։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play