Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից


Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից

  • 14-11-2017 15:12:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ) Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ 2017թ. մարտի 1-ից իրականացնում է «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ ակնաբույժների ասոցիացիան եւ Շաքարախտի հայկական ասոցիացիան: Ծրագիրը նպատակ ունի կանխարգելել շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրությունը բնակչության շրջանում՝ կանխարգելիչ բարելավված խնամքի և բուժման, բուժծառայությունների և հանրային տեղեկատվության հասանելիության բարձրացման շնորհիվ:
 
Աշխարհում գրանցվում է շաքարային դիաբետով հիվանդացության աճ, որը զուգակցվում է ակնային բարդություններով, ինչպես, օրինակ՝ շաքարախտային ռետինոպաթիան է: 2015թ. տվյալներով 415 մլն մարդ ախտորոշված է որպես դիաբետ ունեցող: Ենթադրվում է, որ նրանց 95 տոկոսը կարող է ունենալ դիաբետի հետեւանքով առաջացած ակնային որեւէ ախտահարում, իսկ երեքից մեկի մոտ ի վերջո կզարգանա շաքարախտային ռետինոպաթիա: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում միչեւ 2050թ. շաքարախտային ռետինոպաթիայով հիվանդների թիվը կեռապատկվի, իսկ զարգացող երկրներում միչեւ 2030թ. այն կկրկնապատկվի:
 
Փորձը ցույց է տալիս, որ երբ տարբեր երկրներում ռետինոպաթիայի ազգային սքրինինգային ծրագրեր են իրականացվում, եւ սքրինինգի են հրավիրվում շաքարային դիապետ ունեցող բոլոր հիվանդները, նրանց 20 տոկոսը տեսողության ստուգման չի գալիս: Այդ պատճառով չափազանց կարեւոր է, որ հիվանդները տեղյակ լինեն շաքարային դիաբետի պատճառով առաջացող ակնային խնդիրներին եւ ակնաբույժի մշտական հսկողության տակ գտնվեն: Հետազոտությունների համաձայն՝ ազգային ծրագրի իրականացման պարագայում շաքարախտով հիվանդների շրջանում կուրացողների կամ տեսողական խնդիրներ ունեցողների թիվը կիսով չափ նվազում է:
 
Շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդությունները ՀԱՆ ԲՀ-ի ուշադրության կենտրոնում են դեռ 2003թ.-ից` «Լույս հայի աչքերին» ծրագրի մեկնարկից ի վեր: Այժմ աշխատանքն առավել թիրախավորված է դարձել եւ մի շարք նոր բաղադրիչներ է ներառել:
 
Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ողջ երկրում 2017թ. մարտից մինչեւ 2020թ. մարտ ամիսը շաքարային դիաբետ ունեցող յուրաքանչյուր հիվանդ ակնային ստուգում անցնելու հնարավորություն կունենա, նոր հատուկ սարքավորման միջոցով կնկարահանվի նրանց ակնահատակը: Համակարգչային ծրագիրը ակնահատակի լուսանկարների զննության արդյունքում շաքարախտային ռետինոպաթիայի ռիսկային խմբում գտնվողներին կառանձնացնի, վերջիններս էլ խորացված հետազոտություն կանցնեն Աչքի շարժական հիվանդանոցում կամ ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոններում՝ հետագա լազերային բուժման կամ վիրահատության նպատակով: ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոններում ներդրված հեռաբժշկության համակարգը թույլ կտա մարզային մասնագետներին անմիջական խորհրդատվություն կազմակերպել Երևանի առաջատար ակնաբուժական կենտրոնների գործընկերների հետ: 
 
Այս տարի ՀԱՆ ԲՀ-ն Աչքի շարժական հիվանդանոցում ակնային զննումներ եւ լազերային բուժում է իրականացրել Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում: 2018թ.-ին շաքարային դիաբետով հիվանդների ակնային զննումներ եւ բուժում կիրականացվի Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում եւ Երեւանում, իսկ 2019թ.-ին՝ Երեւանում: Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերի բնակիչները ծրագրի ողջ ընթացքում կսպասարկվեն ՀԱՆ ԲՀ մարզային ակնաբուժական կենտրոններում:
 
Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են վերապատրաստումներ հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի ակնաբույժների, ներզատաբանների եւ ընտանեկան բժիշկների համար՝ շաքարախտով տառապող երեխաների և մեծահասակների ակնային խնամքի կարեւորության թեմայով: Տեսական եւ գործնական դասընթացներն արդեն անց են կացվել Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի եւ Տավուշի մարզերի մասնագետների համար: ՀԱՆ ԲՀ-ն, այլ գործընկերների հետ գործակցությամբ, ներզատաբանների համար կստեղծի շաքարախտով հիվանդների ակնաբուժության թեմայով կրթական ծրագիր եւ կվերանայի շաքարախտով պայմանավորված աչքի խնամքի առկա կրթական նյութերը՝ դրանք առաջնային օղակի բուժաշխատողներին (ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր և այլն) տրամադրելու նպատակով: 
 
Այսպիսով, մինչեւ 2020թ. մարտ ամիսը կհավաքվի երկրում շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարների շտեմարան, շուրջ 3.000 հոգի լազերային բուժում կստանա կամ կվիրահատվի (որոնցից 500-ը Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի հետ գործակցությամբ), 100 ներզատաբան, 100 ակնաբույժ, 400 ընտանեկան բժիշկ եւ 400 բուժքույր վերապատրաստում կանցնի, 10.000 մարդու կտրամադրվեն հանրային կրթության տեղեկատվական նյութեր, կկազմակերպվեն համաժողով և կլոր-սեղաններ շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդությունների կանխարգելման թեմայով՝ ՀՀ կառավարության, առողջապահական համակարգի, մարզային իշխանությունների ներկայացուցիչների, առաջատար ներզատաբանների և ակնաբույժների մասնակցությամբ:
 
Ծրագրի արդյունքում Հայաստանը կդառնա այն եզակի երկրներից, որտեղ կստեղծվի շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարի շտեմարան, եւ հնարավոր կլինի հայտնաբերել եւ բուժել շաքարախտային ռետինոպաթիան՝ զարգացման վաղ փուլում: Դա կկանխի շաքարային դիապետով պայմանավորված կուրությունը եւ երկրին սոցիալական ու տնտեսական մեծ օգուտ կբերի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play