«Կայթ» նվագախումբը նոր կյանք է տվել տարիների ընթացքում մոռացված ավանդական երգերին. «Բարև ասա բարևույս» համերգին մնացել է երկու օր
15-11-2017 16:02:56 | Հայաստան | Մշակույթ
Տարբեր ժամանակներում գրառված, սակայն հասարակության շրջանում ոչ այդքան հայտնի հայ ավանդական երգերը նոյեմբերի 17-ին կհնչեն Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայանալիք «Բարև ասա բարևուս» խորագրով համերգի ժամանակ:
Տարիների ընթացքում մոռացված ավանդական երգերին նոր կյանք տալու նախաձեռնությունը «Կայթ» ավանդական երգ ու պարի համույթի` համանուն նվագախմբին է:
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց վերոնշյալ համույթի գեղարվեստական ղեկավար Կորյուն Դավթյանը, արդեն 3-4 տարի է, ինչ «Կայթ» նվագախմբի խմբավար Տաթևիկ Շախկուլյանը տարբեր հատորներում գրառված ավանդական երգերից առանձնացնում է հանրությանը քիչ հայտները, իսկ նվագախումբը՝ գործիքավորում դրանք:
«Առաջիկա համերգին մենք կներկայացնենք տարիների ընթացքում մեր կողմից հայտնաբերված և մեր մոտեցմամբ գործիքավորված երգերը: Կատարելու ենք ավանդական «Այ անուշ» երգը, խնոցու երգը, որը գտել ենք Տարոնի պարմուսա գրքից, անտունիների ժանրին պատկանող «Վանա կռունկ» երգը և այլն»,- նշեց նա՝ հավելելով, որ համերգի խորագիրն ընտրվել է ավանդական հարսանեկան երգի բառերից, որը գրառել է Կոմիտաս վարդապետը:
Կ. Դավթյանի խոսքերով՝ հայ ավանդական երգերը հանրահռչակելու գործընթացը շարունակական է լինելու, քանի որ նշյալ հատորներում շուրջ 40 հազար երգ կա, որոնք կամ չեն կատարվում, կամ շատ վաղուց են կատարվել:
Համերգի մենակատարը պատրաստակամություն հայտնեց աջակցել այն երգիչներին, ովքեր ևս կցանկանան կատարել նմանատիպ երգեր:
«Իրականում դժվար է ճանաչում չունեցող երգ կատարել և փորձել այն մատուցել այնպես, որպեսզի հանդիսատեսն ընկալի ու սիրի տվյալ երգը. Այստեղ լուրջ մոտեցում է պետք»,- ընդգծեց Կ. Դավթյանը՝ շեշտելով, որ ավանդական նվագարաններից բաղկացած իրենց խումբը երգերը գործիքավորելիս ՝ աշխատել է չափը չանցնել:
Անդրադառնալով ազգային երգ ու պարի նկատմամբ հանրային հետաքրքրվածությանը, «Կայթ» համույթի գեղարվեստական ղեկավարը նկատեց, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ հանրային հետաքրքրությունը գնալով մեծանում է, իսկ այդ հարցում իր էական ազդեցությունն է ունեցել «Կարին» ավանդական երգի ու պարի համույթը, որն ամեն ամիս մայրաքաղաքում անցկացնում է ազգային պարերի բաց դաս:
«Մենք սկսել ենք վերարժևորել մեր ավանդական մշակույթը, այն ինքնուրույն է, կարծես թե պատմության ողջ ընթացքում համարձակություն չեն ունեցել բարձրաձայն ու համարձակ ասելու, որ մենք ինքնուրույն քաղաքակրթություն և մշակույթ ունենք: Իսկ հիմա կա կայուն զարգացում: Այժմ շատ երիտասադրներ պարզապես տարված են ազգային մշակույթով: Սա ապագային նայող զարգացում է»,- փաստեց Կորյուն Դավթյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ազգային երգն ու պարով հետաքրքրված են նաև օտարերկրացիները, մասնավորպես, Լիսաբոնում այս տարի ամռանն իր մասնակցությամբ հայ ավանդական պարերի բաց դաս է անցկացվել, որի ընթացքում շուրջ 50 օտարերկրացիներ հասցրել են 3-5 պար սովորել:
Կարևորելով ազգային ավադական երգ ու պարերի ուսուցման գործընթացում Հայաստանի մարզերի ու Արցախի բնակչության ներգրավվածությունը՝
Կ. Դավթյանը նշեց, որ 2014 թվականին՝ հիմնադրման օրվանից մինչ օրս «Կայթ»-ը բազմաթիվ նախագծեր է իրականացրել Հայաստանի հեռավոր գյուղերում և Արցախում:
Նշենք, որ շուրջ 3 տարի գործող «Կայթ» ավանդական երգ ու պարի համույթի նպատակն է հանրահռաչել հայկական մշակույթն իր բոլոր ճյուղերով: