Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է.ԱՆ


Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է.ԱՆ

  • 15-11-2017 15:21:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնության կողմից նոյեմբերի 3-րդ շաբաթվա չորեքշաբթին սահմանվել է որպես Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր:
 
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) զարկերակային հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, շաքարային դիաբետի և ուռուցքային հիվանդությունների հետ դասվում են հանրային առողջապահական գերխնդիր համարվող ոչ վարակիչ հիվանդությունների խմբին:
 
ԱՀԿ տվյալների համաձայն` 2004 թվականին ողջ աշխարհում գրանցվել է ԹՔՕՀ-ի 64 մլն դեպք, 2015-ին` 174 մլն: Յուրաքանչյուր տարի ԹՔՕՀ –ի պատճառով մահանում է ավելի քան 2.8 միլիոն մարդ, որը կազմում է տվյալ տարվա ընթացքում գրանցված մահերի 4.8%-ը: ԹՔՕՀ-ը մահացության կառուցվածքում 3-րդ տեղն է զբաղեցնում` սրտային և ուռուցքային հիվանդություններից հետո, իսկ հաշմանդամության առաջացման պատճառներից 4-րդն է: Ըստ փորձագետների կանխատեսման` զարգացող երկրներում ծխող մարդկանց թվի ավելացման և օդի աղտոտվածության բարձրացման հետևանքով կգրանցվի մահացության ցուցանիշի բարձրացում:
 
Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին գրանցվել է ստորին շնչական ուղիների քրոնիկ հիվանդություններով 17000 դեպք և 2016-ին` 21.500, ընդ որում աճ է գրանցվել 0-14 (2.7 անգամ) և 15-17 (1.7 անգամ) տարիքային խմբերում: Գրանցվել է նաև մահացության աճ` 2012 թվականին գրանցվել է 988 մահվան դեպք, իսկ 2016-ին` 1121:
 
Հիվանդության գլխավոր ռիսկի գործոնը ծխելն է (ԹՔՕՀ-ից մահացության 10 դեպքից 8-ի պատճառը ծխախոտի օգտագործումն է): Բնակարանների ջեռուցման կամ սննդի պատրաստման նպատակով ներտնային վառարանների օգտագործումը` առանց համապատասխան օդափոխման, հաճակ բերում է տան օդի աղտոտման և նպաստում ԹՔՕՀ-ի ձևավորմանը:
 
ԹՔՕՀ հավաքական հասկացություն է, որը միավորում է շնչական համակարգի մի շարք քրոնիկ հիվանդություններ` քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, թոքային հիպերտենզիա և քրոնիկ թոքային սիրտ: Թվարկված հիվանդությունների մեկ խմբում միավորելու համար հիմք է հանդիսացել աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիան: Այն դրսևորվում է շնչարգելությամբ, քրոնիկ հազով և քրոնիկ խորխարտադրությամբ:
 
ՀՀ կառավարությունն առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ծրագրի շրջանակներում իրականացնում է ԹՔՕՀ դեմ պայքարի միջոցառումների ծրագիր, որի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը ԹՔՕՀ ռիսկի գործոնների և ախտանիշների վերաբերյալ` հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ, վերահսկել ԹՔՕՀ տարածվածությունը, պացիենտների խնամքն ու բուժումը, աջակցել ԹՔՕՀ բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play