Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2018թ. պետական բյուջեի նախագիծը


Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2018թ. պետական բյուջեի նախագիծը

  • 15-11-2017 15:53:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:
 
Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթն ու նշել, որ 2018 թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային շեշտադրումները, որոնք բխում են Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի դրույթներից, նպատակադրված են լինելու միջնաժամկետում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը:
 
Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ նախատեսվում է ապահովել 8% տնտեսական աճ, կայուն գների մակարդակ, իսկ գալիք տարվա պետական բյուջեում, սոցիական ծրագրերին զուգահեռ, հատուկ կաևորություն է տրվելու վերաբնակեցման նպատակով  բնակարանաշինությանը:
 
Այսպիսով, Արցախի Հանրապետության 2018թ. համախմբված պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 97 մլրդ 104 մլն դրամ, ծախսերի գծով՝ 101 մլրդ 404 մլն դրամ, դեֆիցիտը՝ 4 մլրդ 299 մլն դրամ:
 
Պետական նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վերաբերյալ և պատգամավորների հնչեցրած հարցերին, նշելով, որ գործադիրի համար առաջնային է երկարաժամկետ տնտեսական կայուն աճի հիմքերի ստեղծումը: Պետնախարարն ընդգծել է, որ գալիք տարում ամենաբարձր տեսակարար կշիռը նախատեսվում է ունենալ գյուղատնտեսության, էներգետիկայի և վերամշակման ոլորտներում:
 
Նոյեմբերի 20-ից պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն մշտական հանձնաժողովներում:
 
 
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն