Զիմբաբվեի նախորդ գիշերվա ռազմական հեղաշրջումը. նախագահ Ռոբերտ Մուգաբեին հեռացրին ընդամենը մեկ գիշերվա ընթացքում


Զիմբաբվեի նախորդ գիշերվա ռազմական հեղաշրջումը. նախագահ Ռոբերտ Մուգաբեին հեռացրին ընդամենը մեկ գիշերվա ընթացքում

  • 16-11-2017 10:37:18   | Զիմբաբվե  |  Քաղաքական

Զիմբաբվեի նախորդ գիշերվա ռազմական հեղաշրջումը մեծապես անսովոր և անհավատալիորեն լավ մտածված գործողություն է, որն աֆրիկյան այդ պետության զինվորականներն իրականացրեցին իրենց մայրցամաքի համար աննախադեպ պրոֆեսիոնալիզմով:
 
Երեսունյոթ տարի բռնապետի կարգավիճակով նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մուգաբեին, որը կառավարում էր երկաթե բռունցքով, լավ վերահսկում էր բանակը և որին, չնայած տնտեսական գահավիժմանը, սատարում էր երկրի բնակչության մի մասը, հեռացրին ընդամենը մեկ գիշերվա ընթացքում և դա արեցին այնպես, որ Արևմուտքը հնարավորություն ստացավ խուսափելու պարսավելի «հեղաշրջում» բառի կիրառումից: Եվ այս ամենն արվեց առանց որևէ արտաքին ուժի կազմակերպման կամ միջամտության:
 
Նախօրեին Մուգաբեն, իր կնոջ հետ ունեցած կոֆլիկտի արդյունքում աշխատանքից հեռացրել էր իր փոխնախագահին՝ Էմերսոն Մնանգագվային: Գաղտնիք չէր, որ նախագահի աթոռը Մուգաբեն պատրաստվում էր իր մահից հետո հանձնել իր կնոջը՝ Գրեյս Մուգաբեին, որ նախկինում իր քարտուղարուհին էր եղել: Փոխնախագահը փախուստի դիմեց երկրից, իսկ մի քանի օր անց՝ բանակի մի խումբ գեներալներ տանկերը շարժեցին մայրաքաղաք Հարարեի վրա: Կալանքի տակ առան նախագահին, նրա կնոջը թույլ տվեցին անցնել հարևան Նամիբիա: Անմիջապես մասսայականորեն զինաթափեցին ոստիկանությանը, որը մինչև վերջ հավատարիմ մնաց նախագահին և հայտարարեցին որ թիրախավորում են նախագահի կոռումպացված շրջապատին և որ նախագահն «ապահով» է: Առաջին հերթին ձերբակալվեցին մի խումբ սուպերնախարարներ, որոնք հանդիսանում էին Մուգաբեի իշխանության հենասյուները: Ինքը՝ նախագահը, իրեն զանգահարած Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահին հայտնեց, որ գտնվում է տնային կալանքի տակ: Թավշյա այս հեղաշրջումը, որ տեղի ունեցավ ամենաանսպասելի սցենարով՝ արժանացավ Արևմուտքի լուռ հավանությանը: Զիմբաբվե-Ռհոդեզիայի նախկին գաղութային տիրոջ՝ ՄԹ Արտգործքարտուղար Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ ինքը դա դիտարկում է, որպես իրական ժողովրդավարացման նոր սկիզբ:
Ինչու՞ բանակը, որ հավատարիմ էր նախագահին՝ տապալեց դեռևս ոչ ամբողջությամբ ժողովրդական սատարումը չկորցրած բռնապետին: Որովհետև Մուգաբեն կորցրել էր կապն իրականության հետ, կործանել էր տնտեսությունը, հոգնեցրել էր ժողովրդին անվերջ ներկայությամբ և իրեն ժառանգորդ էր ընտրել հասարակության և պետական ապարատի համար անընդունելի անձի՝ սեփական կնոջը: Նախագահը սպառել էր իրեն ու թեև տիրապետում էր իշխանության բոլոր լծակներին՝ դրանք կորցրեց բոլորի համար անսպասելիորեն և աննախադեպ կարճ ժամանակամիջոցում:
Այս առավոտ Հարարեում նոր իրադարձություններ տեղի կունենան անշուշտ, բայց նախագահն այլևս նախագահ չի լինի:
 
 
Լուսանկարը՝
Aaron Ufumeli / EPA
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական