Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն


Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն

  • 16-11-2017 14:36:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունն ընդունել է «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» որոշումը, որը մշակվել է ի կատարումն  ՀՀ վարչապետի համապատասխան հանձանարարականի: Որոշման համաձայն՝  ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Հայկական միրգ»-ի սեփականության իրավունքով հանձնված տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման  իրավունքով կտրամադրվի «Նորատունկ» ՓԲԸ-ին: 
 
Հիմնավորման համաձայն,  հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման նախապայմաններից է տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրությունը: «Նորատունկ» ՓԲԸ նշված տարածքում նախատեսում է հիմնել տնկարանային տնտեսություն՝ ապահովելով հողատարածքի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ,  կազմակերպել վեգետատիվ եղանակով բազմացող  ցածրաճ պատվաստակալների ու հայկական ծիրանենու արտադրությունը ցածրաճ պատվաստակալների վրա, պատվաստված ընկուզենու արտադություն, արտադրություն և մասնագիտական ուսուցողական դասընթացներ։ Ընկերությունը նախատեսում է նաև զարգացնել համագործակցություն արտերկրի տնկարանների, գիտական հաստատությունների և միջազգային կառույցների հետ՝ այգեգործության նոր տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման նպատակով։ Արդյունքում՝ 2018-2019 թթ. հողատարածքի վրա նախատեսվում է ձևավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան, որը սկսած 2019 թ.-ից հնարավորություն կունենա տարեկան արտադրելու շուրջ ցածրաճ պտղատու 100 հազար տնկիներ՝ արտերկրից ներմուծված համարժեք տնկանյութի համեմատ 30-50 տոկոսով ցածր արժեքով: Ընկերությունը պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում պարտավորվում է կատարել 77 մլն դրամի ներդրում:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն