Դ. Տոնոյանի հանձնարարականով մեկնարկել են ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքները
16-11-2017 15:19:30 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ միջպետական ճանապարհներում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին և ուղևորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը:
Արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն կիրականացնեն փրկարարները, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:
Շուրջօրյա հենակետերը կծավալվեն՝
•Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում,
•Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորիս քաղաք ընկած հատվածում և Շուրնուխ գյուղի հատվածում,
•Գեղարքունիքի մարզի Վարդենյանց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին (Գեղարքունիքի մարզի հատվածում)
•Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում), Դիլիջանի ոլորաններում, Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին
•Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում
Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում: