Աղվերանում ընթանում է hայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը


Աղվերանում ընթանում է hայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը

  • 16-11-2017 17:03:56   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստի գոտում ընթանում է հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը:
 
Համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ  սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախարար Արսեն Քարամյանը և Երիտասարդության հարցերով ՌԴ ֆեդերալ գործակալության տնօրեն Ալեքսանդր Բուգաևը: 
 
Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ համաժողովը կարևոր հարթակ է առկա հիմնահարցերը քննարկելու, զանազան խնդիրների լուծումներ և ուղիներ փնտրելու համար: «Արդեն երրորդ անգամ է, ինչ երկու երկրների պետական պաշտոնյաներ, ազգային, պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատու աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ հավաքվում են քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդությանը հուզող արդի հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկում դրանց լուծման ուղիները:
 
Քննարկման թեմաները բազմազան են և կարևոր: Հուսով եմ, որ երիտասարդական այս մեծ հավաքի արդյունքները նշանակալի քայլ կլինեն մեր երկրներում երիտասարդության հիմնախնդիրները համատեղ լուծելու, ինչպես նաև մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին:  Համաժողովը կարող է նաև երիտասարդական պետական քաղաքականության, երիտասարդական աշխատանքի, երիտասարդական հետաքրքիր գաղափարների ներկայացման հարթակ դառնալ: Սիրելի՛ երիտասարդներ, մեր երկրների հետագա համագործակցության որակը, արդյունավետությունը և մեր հարաբերությունների ապագան մեծապես կախված են հենց ձեզնից»,-ասել է նախարարն ու արդյունավետ աշխատանք մաղթել համաժողովի մասնակիցներին: 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա, հատկապես՝ բիզնես ոլորտում. «Նմանօրինակ համաժողովը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս ճշգրտելու և՛ փոխադարձ հետաքրքրությունները, և՛ փոխադարձ այն հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Նախապատրաստական փուլի ժամանակ բոլոր քայլերը ձեռնարկել ենք, որպեսզի թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից ունենանք առավել հետաքրքիր, պատրաստված և հեռանկարային կազմ, որոնց միջոցով կկարողանանք հարաբերությունները և սկսած գործընթացներն առավել արդյունավետ և երկարատև դարձնել: Եթե նախորդ երկու համաժողովների ժամանակ հնարավորությունների ելակետերի ճշգրտման տիրույթում էինք գտնվում, ապա երրորդը, կարող եմ ասել, ավելի արդյունավետ և գործնական կարող է լինել»: 
 
ՌԴ Երիտասարդության հարցերով ՌԴ ֆեդերալ գործակալության տնօրեն Ալեքսանդր Բուգաևն իր հերթին փաստել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա բարիդրացիական հարաբերությունների մասին:  «Ես շատ ուրախ եմ, որ արդեն երրորդ անգամ է, ինչ ընթանում է այս ֆորումը, քանի որ այն հետագա հարաբերությունների համար նոր ուղենիշ է գծում: Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի նման հանդիպումներն ավելի շատ լինեն: Սա մեզ համար ստեղծում է երիտասարդության ապագայի տեսլական: Այն օգնում է շփվել մեր երկրների երիտասարդներին, համատեղ հարցեր քննարկել և իհարկե տեսնել ապագայի տեսլականը: Անխոս, հենց երիտասարդներից է կախված, թե ինչպիսին կլինի մեր ապագան»,- ասել է Ալեքսանդր Բուգաեւը և հավելել, որ ներկա երիտասարդությունը զարգանալու եւ զարգացնելու մեծ ներուժ ունի:
 
Նշենք, որ մասնակիցները Հայաստան են ժամանել երեկ՝  նոյեմբերի 15-ին: Նրանք ճանաչողական այց են իրականացրել 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավանում: 
 
Համաժողովի բացման ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է 2017 թվականին կայացած համաշխարհային ուսանողական 29-րդ ամառային խաղերի ժամանակ մեր երկրի պատիվը բարձր պահած ուսանող մարզիկներին: Հայաստանի Հանրապետությունն այդ խաղերին մասնակցել է 7 մարզաձևի 16 մարզիկով: Արդյունքում մեր պատվիրակությունը նվաճել է 6 մեդալ` 3 ոսկի, 1 արծաթ եւ 2 բրոնզ: 
 
Համաժողովի աշխատանքները կընթանան մինչև նոյեմբերի 18-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play