Մոսկվայում մեկնարկել է «Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» ԱՀԿ նախարարական գլոբալ համաժողովը․ԱՆ

16-11-2017 19:04:30   | Ռուսաստան  |  Հասարակություն
Մոսկվայում մեկնարկեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության կողմից կազմակերպված առաջին նախարարական գլոբալ համաժողովը «Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» խորագրով։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
 


Ներկայացուցչական այս համաժողովը կոչված է համախմբման հարթակ դառնալու աշխարհի տարբեր երկներում տուբերկուլոզի գլոբալ համաճարակի կանխման։
 
Այդ նպատակով կշեշտադրվեն միջոլորտային համագործակցության սերտացման, գլոբալ մարտահրավերների և վտանգների ծագման դեպքում միջոցառումների համատեղ պլանավորման, ախտորոշիչ նյութերի, դեղամիջոցների և պատվաստանյութերի մշակման ոլորտում գիտահետազոտական համագործակցության զարգացման հարցերը: Տուբերկուլոզի վերացման գործում կկարևորվեն համակարգված և հետևողական քայլերը:
 
Համաժողովին նախատեսվում է ստորագրել նախարարական հայտարարություն, որտեղ կամրագրվեն Կայուն զարգացման նպատակներին հասնելու և տուբերկուլոզի վերացման նպատակով ԱՀԿ անդամ-երկրների գործունեության հիմնական ուղղությունները: Նախարարական հայտարարությունը կհրապարակվի 2018 թվականին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` տուբերկուլոզին նվիրված բարձրաստիճան հանդիպման ժամանակ:
 
Համաժողովն, անշուշտ, կխթանի Կայուն զարգացման նպատակներին, մասնավորապես` մինչև 2030 թվականը տուբերկուլոզի հաղթահարմանը հասնելուն և այդ հիվանդության դեմ պայքարի ԱՀԿ ռազմավարության դրույթներն իրականացնելու նպատակով միջազգային և միջոլորտային համագործակցության ամրապնդմանը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից