Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի ելույթը ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում

16-11-2017 19:22:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում:
 


Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել նախագահ Արա Բաբլոյանին այս հնարավորությունն ընձեռելու համար: Ինձ համար, որպես խորհրդարանի նախագահի, մեծ պատիվ է մեկ այլ երկրի խորհրդարանում ուղերձով հանդես գալու հնարավորությունը:
 
Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, հնարավոր է, որ Հայաստանում դրախտի լինելը հիմնված է եղել հին քարտեզների եւ աստվածաբանական արձանագրությունների կամ հայկական բնաշխարհի դրախտային գեղեցկության վրա: Հայտնի անգլիացի բանաստեղծ լորդ Բայրոնը համոզված էր դրանում: «Եթե Սուրբ գիրքը ճիշտ է հասկացվում,-գրել է նա 1886 թվականին,-ապա դրախտը եղել է հենց Հայաստանում»:
 
Ես թողնում եմ երկրային դրախտի տեղանքի քննարկումն աստվածաբաններին, սակայն ես գիտեմ, որ Հայաստանը մեծ եւ կարեւոր դեր է խաղացել քրիստոնեության պատմության մեջ:
 
301 թվականին Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է եղել, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն Տրդատ Երրորդ թագավորի օրոք, ով առավել հայտնի է որպես Տրդատ Մեծ: Էջմիածնի տաճարը, որը կառուցել է Տրդատ Երրորդ թագավորը, համարվում է աշխարհի հնագույն տաճարներից մեկը: Ինձ համար մեծ պատիվ է, որ վաղը կարող եմ այցելել այս տպավորիչ եւ պատմական տաճարը :
 
Բայց սա ամենը չէ: Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն երկրներից մեկը: Վաղ քաղաքակրթություններն առաջացել են քրիստոնեությունից 4000 տարի առաջ եւ աշխարհին հայտնի ամենահին կաշվե կոշիկը, եւ գինեգործության կարասները հայտնաբերվել են ձեր երկրում:
 
Հայաստանին հաճախ վերաբերվում են որպես «քաղաքակրթության օրրանի»: Ես իսկապես գիտակցում եմ, որ կանգնած եմ պատմական հողի վրա:
 
Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, այժմ՝ 2017 թվականին, մենք այստեղ ենք: Մենք ապրում ենք բարդ աշխարհում, որտեղ ահաբեկչությունը, ապատեղեկատվությամբ հիբրիդային հակամարտությունները, կիբեր պատերազմները եւ կլիմայական փոփոխությունները գերիշխում են մամուլի էջերում: Ուժերի հարաբերակցությունը փոխվում է, ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ, ինչպես նաեւ՝ նոր հնարավորություններ մեր երկրների համար:
 
Երբեմն այնպիսի զգացողություն է, կարծես աշխարհի գերտերություններն են որոշում գետի ուղղությունը: Թվում է, թե մենք ենթարկվում ենք մեզ շրջապատող գերտերությունների կամքին:
 
Չնայած սա որոշ չափով կարող է ճշմարիտ լինել, մենք չպետք է մոռանանք, որ միջին չափի երկրներն իսկապես կարող են նշանակալի դեր խաղալ: Մենք չպետք է մոռանանք, որ միջին չափի երկրները, ինչպիսիք են Հայաստանը եւ Նիդերլանդները, գտնվում են բացառիկ դիրքերում. կամուրջ լինելու յուրահատուկ դիրքերում: Նրանք կամուրջ են շահերի միջեւ, կամուրջ են գերտերությունների միջեւ, իսկ Հայաստանը կամուրջ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ :
 
Հայաստանը յուրահատուկ դիրք ունի պատմական, աշխարհագրական եւ քաղաքական առումներով, որպեսզի որպես կամուրջ հանդես գա մի կողմից Եվրամիության միջեւ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի եւեվրասիական այլ երկրների միջեւ: Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանին կհաջողվի հետագայում իրականացնել այս դերը՝ ի շահ հայերի եւ ի շահ բոլորիս, որքան էլ այն դժվար լինի:
 
Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, Նիդերլանդների Թագավորության Սենատը միջխորհրդարանական համագործակցության երկարամյա ավանդույթ ունի: Մենք համոզված ենք խորհրդարանների միջեւ երկխոսության եւ խորհրդարանական դիվանագիտության կարեւորության հարցում:
 
Միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես օրինակ Եվրոպայի խորհրդում, կարող է նոր հնարավորություններ ընձեռել.այն կարող է նպաստել բարելավված փոխըմբռնմանը եւ խթանել երկրների միջեւ բարիդրացիական փոխհարաբերությունները: Ահա թե ինչու ինձ համար հաճելի է Հայաստան այցելելը: Ես անհամբեր սպասում եմ հետագա երկու օրերին, երբ բազմաթիվ հանդիպումներ կունենամ երեւելի մարդկանց հետ, ինչպես նաեւ կտեսնեմ ձեր գեղեցիկ երկիրը:
 
Կրկին շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր հնարավորություն ունեցա ուղերձով դիմելու ձեզ: Ինձ համար հաճելի եւ մեծ պատիվ է այստեղ գտնվելը»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից