Հյուսիսային պողոտան բոլորել է տասնամյակը


Հյուսիսային պողոտան բոլորել է տասնամյակը

  • 16-11-2017 19:26:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում Հյուսիսային պողոտայի հեղինակ ճարտարապետների, մասնագիտական շրջանակների և հասարակայնության մասնակցությամբ այսօր բացվել է պողոտայի տասնամյակի առիթով կազմակերպած <<Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը>> խորագրով ցուցահանդեսը:
 
Ներկայացված ցուցանմուշները փաստագրում են Երևանի նորագույն պատմության էջերում կարևոր տեղ գրաված քաղաքաշինական այս ծրագրի պատմությունը, նրա անցյալը, գոյություն ունեցող նախագծերը, իրականացված պողոտայի այսօրվա անցուդարձն ու ապագայի զարգացումները: Թանգարանի տնօրեն Անուշ Տեր Մինասյանի և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի խոսքին հաջորդել է ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի ելույթը, որի ընթացքում նա շեշտել է, որ Նարեկ Սարգսյանը դարձավ պողոտայի իրականացման դրոշակակիրը, ապա՝ նրան միացան համախոհները: Ճարտարապետներն անդրադարձել են պողոտայի նշանակությանը որպես անկախության տարիների կարևորագույն քաղաքաշինական ծրագիր, որպես հանրային տարածք և կայացած մշակութային միջավայր: 
Հյուսիսային պողոտան ունի կազմավորման երկարատև պատմություն:
Ինչպես հայտնի է, դրա գաղափարի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է, որը համարում էր այն Երևանի 1924 թ. գլխավոր հատակագծի կարևոր տարրերից մեկը: Անկյունագծային Հյուսիսային պողոտան, որը Հյուսիս-Հարավ առանցքի մի հատվածն էր, կոչված էր կարճագույն ճանապարհով կապելու քաղաքի երկու հրապարակների՝ Լենինի անվան (այժմ՝ Հանրապետության) և Թատերականը (այժմ՝ Ազատության): Տեղադրված լինելով փողոցների ուղղանկյուն ցանցի վրա, այն նաև ստեղծելու էր հետաքրքիր քաղաքաշինական հանգույցներ՝ հրապարակներ ու կենտրոններ: Սակայն Թամանյանը, ցավոք, չհասցրեց մանրամասն մշակել պողոտայի նախագիծը, թողնելով միայն դրա էսքիզն ու գաղափարը: Պողոտայի իրականացման հարցը տարբեր ժամանակներում հուզել և ոգևորել է հայ ճարտարապետներին, որոնցից ոմանք թողել են իրենց նախագծերը պողոտայի կառուցապատման վերաբերյալ: 
Հյուսիսային պողոտայի իրական պատմությունը սկսում է 2000 թվականից, երբ ՀՀ կառավարության որոշմամբ սկիզբ դրվեց Հյուսիսային պողոտայի ծրագրի իրականացմանը: 2007 թվականի նոյեմբերի 16-ին ճարտարապետների բազում սերունդների երազանք դարձած Հյուսիսային պողոտան բացվեց՝ կարևոր տեղ գրավելով Երևանի նորագույն պատմության էջերում: Այն ամենախոշոր քաղաքաշինական ծրագիրն էր ոչ միայն անկախության շրջանի, այլև վերջին տասնամյակների ճարտարապետական գործունեության:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play