ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին

17-11-2017 14:10:25   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 Բաղանիս համայնքում նոր այգի կհիմնվի, որը կնպաստի համայնքում պտղաբուծության զարգացմանը։ Սարիգյուղ-Ներքին Ծաղկավան համայնքային փնջի համար ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի կայանը կաջակցի ֆերմերներին ավելի արդյունավետ մշակելու և հավաքելու հացահատիկը՝ նվազեցնելով կորուստները և մեծացնելով շահույթը: 
 

Այս նախաձեռնություններն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և նպատակաուղղված է ընդլայնել եկամտի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը:
 
Այսօր, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը այցելեցին մարզի Բաղանիս և Սարիգյուղ համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրականացված ծրագրերի արդյունքներին:
 
Վերջին երկու տարիների ընթացքում, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ, Տավուշի մարզի 26 սահմանամերձ համայնքների բնակիչները ներգրավվել են համայնքային կարիքների գնահատման և համայնքների զարգացման ծրագրերի մշակման մասնակցային գործընթացներում: Այս պլանավորման արդյունքներից ելնելով՝ ՄԱԶԾ-ն կիրականացնի մի շարք ենթածրագրեր՝ թիրախավորելով համայնքների բարելավման տեսակետից էական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբաղվածությունը, գյուղական շրջանների զարգացումը, գյուղմթերքի վերամշակումը, ենթակառուցվածքների վերականգնումը, կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնական աղետների նկատմամբ դիմակայունությունը:
 
Բաղանիս համայնքում 2․7 հա նոր պտղատու այգի կհիմնվի 4 տնտեսությունների համար։ Այն մաս է կազմում 30 հա նոր այգիների, որոնք ծրագրի աջակցությամբ կհիմնվեն մարզում այս տարի։ 1 հա միջին ինտենսիվության ընկույզի ծառեր կտնկվեն, որոնք բերք կապահովեն 2 տարի անց, ինչպես նաև հոն (1 հա) և տխիլ (0,7 հա)։ Այս այգիներում ջրախնայող կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի, որը ռեսուրս խնայող համակարգերի ներդրման գործընթացի մաս է կազմում։  
 
Որպես մասնակցային պլանավորման ընթացքում բացահայտված համայնքային կարիքների լուծում, ծրագիրը Սարիգյուղ-Ներքին Ծաղկավան համայնքային փնջի համար գյուղտեխնիկայի կայան է հիմնել։  Համայնքային զարգացման «Ծաղկասար» հիմնադրամը հիմնվել է տնօրինելու կայանի աշխատանքը, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացումը համայնքային փնջում։ Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի համար ծրագիրը ձեռք է բերել կոմբայն և թրթուրավոր տրակտոր, մինչ համայնքային հիմնադրամը գնել է էքսկավատոր և կառուցել է կայանատեղի։ Ի լրումն, ծրագիրը նախատեսում է հիմնել ալրաղաց համայնքային փնջի համար և աջակցել հացաթխման բիզնեսին՝ ամբողջականացնելով արժեշղթան։ Այս միջոցառումների արդյունքում միայն այս տարի համայնքի աշնանացան ցորենի արտերի մակերեսը մեծացել է 200 տոկոսով։ Հիմնադրամը ստեղծել է ցորենի շրջանառու ֆոնդ, որը գնում է բարձրակարգ ցորեն և տրամադրում  շահառուներին զեղչված գներով։     
 
***
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993 թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից