Գյոթեի անվան կենտրոնի բացման հարցերը՝ հանդիպման առանցքում

17-11-2017 14:33:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է   Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար  Սաշա Ֆաբրիին և  Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։
 

Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել  Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարությանը մեր երկրում Գյոթեի անվան կենտրոնի բացման սկզբունքային որոշման կապակցությամբ: Նա  նշել է, որ Հայաստանում գործող գերմանական կառույցների գործունեությունում կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է հատկացված: Լևոն Մկրտչյանի խոսքով, Գյոթեի ինստիտուտի  ներկայությունը Հայաստանում ոչ միայն կնպաստի հայ-գերմանական կրթական, այլ նաև մշակութային ծրագրերի ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ  Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացումը գործնական ու շոշափելի աջակցություն կտրամադրի Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման և տարածման հարցերին: ԿԳ նախարարը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է  նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ:
 
Փոխանցելով Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարության երախտագիտությունը՝ կրթության ոլորտում առկա համագործակցության համար՝   Սաշա Ֆաբրին հայտնել է  գերմանական կողմի պատրաստակամությունը Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման և ամրապնդման հարցերին աջակցելու առնչությամբ: Նա ընդգծել է, որ գերմաներեն լեզվի ուսուցման նոր մեթոդներ կիրառելու և կրթության որակ ապահովելու  համար Հայաստանում բավարար  հիմքեր կան:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից