Պետք է արհամարհել բոլոր այն առողջ տղաներին, ովքեր խուսափել և չեն ցանկանում ծառայել բանակում. (տեսանյութ)


Պետք է արհամարհել բոլոր այն առողջ տղաներին, ովքեր խուսափել և չեն ցանկանում ծառայել բանակում. (տեսանյութ)

  • 17-11-2017 16:44:44   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պետք է արհամարհել բոլոր այն առողջ տղաներին, ովքեր խուսափել և չեն ցանկանում ծառայել բանակում: 
 
Հատկապես աղջիկներին ուղղված նման հորդորով նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխություններին և տարեկետման իրավունքի վերացմանը: 
 
Ըստ նրա, եթե տարեկետման իրավունքի վերացման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ և դասադուլներ անող ուսանողները հասկանան, որ բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվում, ապա որևէ մեկը չի խուսափի ծառայությունից: 
 
Գ. Իսագուլյանի գնահատմամբ՝ «Տարեկետում լինելուԱ» նախաձեռնության խմբի անդամները շատ ճիշտ որոշում կայացրեցին՝ ընդունելով Ազգային Ժողովի փոխնախագահի և ՊՆ նախարարի հանդիպելու առաջարկը, ինչը կտա իր դրական արդյունքը և կլինի լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում:  
 
«Պահանջները կարող են միանգամայն տարբեր և հակադիր լինել, սակայն նմանատիպ բանակցությունների ու կլոր սեղանների շուրջ կողմերը կարող են գալ ընդհանուր հայտարարի: Պետք է քննարկել և հասկանալ, թե որքանով են իրար խանգարում տարեկետման իրավունքի վերացումը և գիտության զարգացումը, այն բոլոր բացերը, որոնցով շատ շատերը կարողացել են խուսափել ծառայությունից՝ անկախ նրանից, թե ում որդիներն են նրանք, և տալ համապատասխան լուծումներ»,- նշեց Գ. Իսագուլյանը՝ ընդգծելով, որ Վ. Սարգսյանի առաջ քաշած փոփոխությունները բխում են միայն ՀՀ-ի և Արցախի շահերից: 
 
Նրա խոսքերով՝  հասարակությունը պետք է ստեղծի այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր տղայի համար անպատվաբեր կլինի բանակում չծառայելը: 
 
Գ. Իսագուլյանն առաջարկեց բուհերում սովորող աղջիկներին կոմիտեներ ստեղծել և անձամբ պարզել իրենց կուրսերում չծառայած տղաների՝ բանակից ազատվելու հանգամանքները: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն