ԿԱՅԱՑԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

17-11-2017 17:32:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Նոյեմբերի 13-14-ը Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան/ՅՈՒՆԵՊ գործընկերություն՝ Հայաստանում քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման և արդյունաբերության ներգրավման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ուսուցողական աշխատաժողով` «Ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցառումներ, մասնավոր հատվածի մասնակցություն` շուկայում քիմիական նյութերի տեղակայումը կանոնակարգող նոր պահանջների կատարմանն աջակցելու նպատակով» խորագրով:
 
Աշխատաժողովին մասնակցել են քիմիական նյութերի ոլորտին առնչվող շահագրգիռ գերատեսչությունների, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դասախոսները, ինչպես նաև քիմիական արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները: 
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրել է քիմիական նյութերի և թափոնների ոլորտը կարգավորող օրենսդրությունը, իսկ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի փորձագետ Բեատրիս Ֆերնանդեսը «ՅՈՒՆԵՊ-ի մոտեցումը պատասխանատու արտադրությանը» զեկույցով ներկայացրել է պատասխանատու արտադրության ձեռնարկը:
Աշխատաժողովի ընթացքում կատարվել են նաև խմբային աշխատանքներ` նվիրված քիմիական նյութերի գույքագրմանն ու տեխնոլոգիական գործողությունների հաջորդականությանը, ռիսկերի բացահայտմանն ու վտանգավոր «թեժ» կետերի քարտեզագրմանը, քիմիական վտանգների (սպառնալիքների) և փոխկապակցված ներգործության հարցերով արձագանքման պլանի մշակմանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից