Հայրենադարձ եղած Եվգենիայի նախաձեռնությամբ հեռավոր գյուղերի երեխաները կյանքում առաջին անգամ այցելում են Երևան և Խոր Վիրապ (տեսանյութ)



17-11-2017 17:57:02   | Հայաստան  |  Բարեգործություն
 

Լոռու մարզի Մղարթ և Ագարակ համայնքների շուրջ 32 դպրոցահասակ երեխաներ նոյեմբերի առաջին կեսին էքսկուրսիոն շրջայցով եղան մայրաքաղաք Երևանում և Խոր Վիրապում: 
 
Մայրաքաղաքի տեսարժան վայրերն ու Արարատ լեռը միայն հեռուստացույցով կամ համացանցով տեսած այդ երեխաների շրջայցը նախաձեռնել էր 2015 թվականին վերջնականապես Հայաստան տեղափոխված Եվգենիան (Ազգանունը նշել չուզեց՝ այն համարելով օտար): 
 
Վերջինս կիսով չափ ռուս է, կիսով չափ հայ: 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Եվգենիան, Հայաստանի հեռավոր մարզերի անապահով ընտանիքների երեխաների համար մեկօրյա նման ուղևորություն կազմակերպելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ ինքը որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան, շրջել հեռավոր գյուղերում և Արցախում: 
 
«Երեք տարի առաջ առաջին անգամ հայտնվեցի Հայաստանում և այլևս հետ վերադառնալ չկարողացա: Մեկ ու կես տարի անց վերջանականապես տեղափոխվեցի»,- ասաց Եվգենիան՝ հայերեն շեշտելով. «Չեմ կարող ապրել առանց Հայաստան»:  
 
Նրա խոսքերով՝ հայրենադարձ լինելու որոշումը կայացնելուց հետո հասկացել է, որ Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերով հիանալը բավարար չէ, այլ պետք է ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ տեղի հասարակական կյանքում:   
 
Եվգենիայի կարծիքով՝ մայրաքաղաք Երևանը և բիբլիական Արարատը տեսնելու առիթ չպետք է միայն զբոսաշրջիկներն ու մոտիկ բնակավայրերի երեխաները ունենան: 
 
«Շատ երեխաներ ապրում են իրենց հեռավոր գյուղերում և չունեն Երևան գալու հնարավորություն, մինչդեռ դա նրանց քաղաքացիական իրավունքն է, ուստի այսպիսի էքսկուրսիաներ կազմակերպելու միտք առաջացավ: Ես միայն կազմակերպչական աշխատանքներով եմ զբաղվում, իսկ երեխաների Երևան և Խոր Վիրապ հասնելն իրականություն է դառնում ամենասովորական բարի մարդկանց միջոցով, ոքվեր համացանցում արձագանքում են իմ գրառումներին և օգնում ինչով կարող են»,- ասաց նա՝ հավելելով, որ հաջորդ տարվա համար նախատեսել է Արցախի սահմանամերձ համայնքների երեխաների համար կազմակերպել նմանատիպ ուղևորություններ, որպեսզի վերջիններս ևս տեսնեն Մայր Հայաստանը: 
 
Հայաստանի նկատմամբ առանձնակի սիրով և ջերմությամբ լցված Եվգենիան հատուկ շնորհակալություն հայտնեց իր նախաձեռնությանն աջակցող անհատներին և «Մեր գյուղը» ռեստորանին, որն ապահովում է երեխաների սնունդը: 
 
«Հայ երեխաները տեղեկատվության, նոր գիտելիքների ու տպավորությունների մեծ պահանջ ունեն, հենց սրանով էլ նրանք տարբերվում են այլազգի, մասնավորապես, ռուս երեխաներից»,- նկատեց Եվգենիան՝ ընդգծելով, որ նման երեխաներին չօգնել պարզապես հնարավոր չէ: 
 
Հեռավոր գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվող վերոնշյալ էքսկուրսիաների ընթացքում Եվգենիային իր օգնությունն է ցուցաբերում նաև Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բադալյանը: 
 
Ըստ նրա՝ ուրախալի և ողջունելի է այն հանգամանքը, երբ հեռավոր գյուղերի երեխաները, մայրաքաղաք Երևանի մասին դասագրքերից ունեցած տեղեկություններից բացի, կարողանում են Եվգենիայի պես նվիրյալների օգնությամբ գալ և սեփական աչքերով տեսնել Հանրապետության հրապարակը, Օպերային թատրոնը, Կասկադ համալիրը և այլն:  
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից