Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին․ Լուսանկարներ


Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին․ Լուսանկարներ

  • 17-11-2017 17:54:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին:
 
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վերահաստատել հայ-նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը: Նախագահը մեծապես կարևորել է նաև համագործակցությունը միջազգային կառույցներում:
 
Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում կայացող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի այցը Հայաստան:
 
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Նիդերլանդները, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, հասարակական զարգացումներով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից:
 
Հանրապետության նախագահը և Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել են Հայաստանում հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգի անցնելու պայմաններում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին և օրենսդրության համապատասխանեցմանը նոր իրողություններին ու պահանջներին: Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու բարեփոխումներ, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Նիդերլանդներն իր խորհրդարանական ժողովրդավարության դարավոր փորձով ևս կարող է այս ժամանակահատվածում օգտակար լինել Հայաստանին՝ առավել արդյունավետ դարձնելով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու գործընթացը:
 
Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը պետությունների հարաբերություններում:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համագործակցությանը, այդ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն