Սեբուն Հայաստանում է ոչ միայն նոյեմբերի 20-ին կայանալիք համերգին մասնակցելու, այլև կրտսեր որդուն հայրենիքում կնքելու համար
17-11-2017 18:50:49 | Հայաստան | Մշակույթ
Գրեմմի դափնեկիր “Capital Cities” խմբի հայազգի մեներգիչ Սեբուն Հայաստանում է ոչ միայն նոյեմբերի 20-ին կայանալիք համերգին մասնակցելու, այլև կրտսեր որդուն հայրենիքում կնքելու համար:
Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց անձամբ ամերիկաբնակ երգիչը, ով հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «Safe and sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Vuy aman» դուետով:
Ըստ նրա՝ նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վառ ու գունեղ համերգային երեկո է սպասվում, որին մասնակցելու են Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, նաև Սիրուշոն:
«Հայաստանում եմ ընտանիքիս հետ միասին: Այս ընթացքում պետք է փորձեմ աշխատել երաժշտության վրա, ձայնագրություններ անել և այստեղի երիտասարդների հետ շփվեմ, օրինակ` «Նվագ» հիմնադրամի և TUMO-ի հետ պետք է համագործակցեմ՝ հայ երիտասարդ արտիստների տաղանդը զարգացնելու համար»,- նշեց Սեբուն՝ ընդգծելով, որ նաև ուսումնասիրելու է Կոմիտասի երաժշտությունը:
Անդրադառնալով Ջիվան Գասպարյանի հետ համագործակցությանը՝ նա նշեց, որ համատեղ երկու երգ են կատարելու:
Լրագրողի այն հարցին, թե բացի Սիրուշոյից, էլ որ հայ երգչի հետ կցանկանար համագործակցել կամ պատրաստվում է համագործակցել,
Սեբուն նշեց. «Համագործակցության դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Տիգրան Համասյանին եմ շատ սիրում, միշտ կապի մեջ ենք, բայց մասնավոր ծրագիր չկա, եթե լինի, շատ ուրախ կլինեմ»:
Նշենք, որ VIZA-ն կմիանա համերգի երկրորդ հատվածում՝ կատարելով ինչպես սիրված ու հայտնի ռոքային երգեր, այնպես էլ Սեբուի կողմից սիրված ու միքսված երգերը: Համերգի կազմակերպիչը «Մեցցո» պրոդաքշնն է: