Սեբուն Հայաստանում է ոչ միայն նոյեմբերի 20-ին կայանալիք համերգին մասնակցելու, այլև կրտսեր որդուն հայրենիքում կնքելու համար


Սեբուն Հայաստանում է ոչ միայն նոյեմբերի 20-ին կայանալիք համերգին մասնակցելու, այլև կրտսեր որդուն հայրենիքում կնքելու համար

  • 17-11-2017 18:50:49   | Հայաստան  |  Մշակույթ

 
Գրեմմի դափնեկիր  “Capital Cities” խմբի հայազգի մեներգիչ Սեբուն Հայաստանում է ոչ միայն նոյեմբերի 20-ին կայանալիք համերգին մասնակցելու, այլև կրտսեր որդուն հայրենիքում կնքելու համար: 
 
Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց անձամբ ամերիկաբնակ երգիչը, ով հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «Safe and sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Vuy aman» դուետով: 
 
Ըստ նրա՝  նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վառ ու գունեղ համերգային երեկո է սպասվում, որին մասնակցելու են Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, նաև Սիրուշոն: 
 
«Հայաստանում եմ ընտանիքիս հետ միասին: Այս ընթացքում պետք է փորձեմ աշխատել երաժշտության վրա, ձայնագրություններ անել և այստեղի երիտասարդների հետ շփվեմ, օրինակ` «Նվագ» հիմնադրամի և TUMO-ի հետ պետք է համագործակցեմ՝ հայ երիտասարդ արտիստների տաղանդը զարգացնելու համար»,- նշեց Սեբուն՝ ընդգծելով, որ նաև ուսումնասիրելու է Կոմիտասի երաժշտությունը: 
 
Անդրադառնալով Ջիվան Գասպարյանի հետ համագործակցությանը՝ նա նշեց, որ համատեղ երկու երգ են կատարելու: 
 
Լրագրողի այն հարցին, թե բացի Սիրուշոյից, էլ որ հայ երգչի հետ կցանկանար համագործակցել կամ պատրաստվում է համագործակցել,
Սեբուն նշեց. «Համագործակցության դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Տիգրան Համասյանին եմ շատ սիրում, միշտ կապի մեջ ենք, բայց մասնավոր ծրագիր չկա, եթե լինի, շատ ուրախ կլինեմ»:
 
Նշենք, որ VIZA-ն կմիանա համերգի երկրորդ հատվածում՝ կատարելով ինչպես սիրված ու հայտնի ռոքային երգեր, այնպես էլ Սեբուի կողմից սիրված ու միքսված երգերը:  Համերգի կազմակերպիչը «Մեցցո» պրոդաքշնն է:
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ