Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր


Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր

  • 17-11-2017 19:38:12   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել  մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ:
 
Շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` Իգնատի Առաքելյանը կարևորել է սերտ համագործակցությունը գիտական հանրության հետ` հույս հայտնելով, որ նրանց առաջարկներն ու դիտարկումները կօգնեն այս հարցում առավել արդյունավետ և ճիշտ լուծման տարբերակներ գտնել: Ներկաները մասնավորապես քննարկել են ԳՁՕ-ների օրենսդրական կարգավորմանը, կիրառմանը, անվտանգությանը, վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է  օրենսդրորեն կարգավորել տրանսգենային գյուղատնտեսություն վարելը Հայաստանում, պարտադիր մակնշման պահանջ սահմանել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ սննդամթերքի համար, շեշտադրել օրգանական գյուղատնտեսության զարգացումը`  որպես ռազմավարական ուղղություն:
 
 
 
Քննարկումների արդյունքում` նշված հարցերի կարգավորման շուրջ աշխատանքներ տանելու նպատակով որոշվել է ստեղծել հանձնաժողով, որում կընգրկվեն ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական հատվածից:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն