Հայաստանի որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն (տեսանյութ)


Հայաստանի որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն (տեսանյութ)

  • 18-11-2017 00:45:07   | Հայաստան  |  Հարցազրույցներ



 
 
 
 
Եվրոպան գնում է դեպի կործանում: Եվրամիությունը և եվրոպական օրենսդիրներն այդ ճանապարհն են ուղենշել Եվրոպայի համար, որը, սակայն, հաստատապես մեր` Հայաստանի ու հայերիս ճանապարհը չէ: Մեծ Բրիտանիայում բռնկված ու երկրի պաշտպանության նախարարի հրաժարականի հանգեցրած սեքս-սկանդալի շուրջ աղմուկը դեռ չմարած, նոյեմբերի 9-ին աշխարհի լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ Գերմանիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է երրորդ սեռի անձանց գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Այսինքն` անձանց, որոնք չեն կարողանում իրենց դասակարգել ոչ արական սեռում, ոչ իգական…
Եվրոպան մարդու իրավունքների անվան տակ տուրք տալով Չարին, ծայրահեղացնելով, բացարձակեցնելով, չարաշահելով մարդու իրավունքները և ազատությունները, հեռու չէ Սոդոմի ու Գոմորի ճակատագիրը կիսելուց, մինչդեռ այդ նույն Եվրամիության չինովնիկներն իրենց հորինած պիղծ օրենքների ընդունումն ու գործադրումն ուզում են տեսնել նաև հնագույն գրություններից որպես Սուրբ օրենքների երկիր անվանմամբ հայտնի Հայաստանում: Դրա համար նրանք ՀՀ իշխանություններին համոզելու, հորդորելու, ճնշելու տարբեր հնարքներ են գործադրում: Ավելին` մարդու իրավունքների ոլորտին 12 մլն եվրո բյուջետային աջակցության դիմաց պահանջում են ազգակործան օրենքների և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունում և նույնիսկ հանդգնում են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի շուրթերով ՀՀ իշխանություններին այդ օրենքների ընդունման կապակցությամբ նույնիսկ տնային աշխատանք (տվյալ օրենքներն ընդունելու հանձնարարություն) տալ, որպեսզի նրանք հլու-հնազանդ գնան ու կատարեն իրենց այդ տնային աշխատանքը:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» (իրականում` ընտանիքի նկատմամբ բռնության մասին) ընտանիքաքանդ ու խայտառակ օրենքի նախագիծն օրենքի վերածելուց բխող վտանգների, ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածի ընդունման անթույլատրելիության, Հայաստանին ու մեզ սպառնացող լրջագույն վտանգների շուրջ է ստորև ներկայացվող զրույցը Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:
 
-Շատ-շատերն «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծում վտանգ են տեսնում մեր ընտանիքների, առավել  ևս` հայկական ավանդական ընտանիքների նկատմամբ: Խնդրում ենք դրա շուրջ ձեր խոհերով, մտորումներով, եթե տագնապներ ունեք, նաև տագնապներով կիսվել մեր ընթերցողների հետ և ձեր տեսակետն արտահայտել:
-Սիրով: Ես կարծում եմ ամեն մի պետություն, որ չի կարողանում իր պետականությունը ձևավորել ճիշտ և ամուր հիմքերի վրա, նրան հարկավոր են օրենքներ, որոնք շարադրում է տվյալ պետությանը պատկանող հավաքականությունը: Երբ որ այլ մտածելակերպի, սովորության, ավանդության մեջ ձևավորված անձինք են որոշում մեր օրենքների ինչպիսին լինելը, այստեղ արդեն սկսում ենք մտածել` արդյոք հնարավոր չէ՞, որ այդ օրենքները նպաստեն մեր պետականության թուլացմանը, որովհետև ուրիշ երկրում, ուրիշ մտածելակերպով ձևավորված անձը չի կարող հայ ժողովրդի համար օրենքներ գրել, որը համապատասխանի մեր ժողովրդի թե՛ ավանդությանը, թե՛ գենետիկ հիշողությանը, թե՛ մտածելակերպին: Եվ ամենակարևորը` ամեն մի ժողովուրդ, վերջապես, ունի բարոյականության իր ընկալումը, որովհետև չկա մի ժողովուրդ, որը «բարոյականություն» ձևակերպումը չարժևորի, և այդտեղ է, որ հավաքականությունը ձևավորում է իր հավաքական կյանքն ամրացնող, ոչ թե իր հավաքական կյանքը թուլացնող օրենքներ:
Ոչ ոք, ոչ մի պետություն կամ կազմակերպություն իրավունք չունի մեզ պարտադրելու, թե ինչպիսի օրենք ընդունենք մենք: Բացի դրանից, երբ որ մեզ առաջարկվում են օրենքներ, մեր օրենսգետները ոչ թե պետք է տրվեն տվյալ օրենքներն անպայման մեր մեջ մտցնելու միտումին, այլ պետք է մտածեն որքանով են այդ օրենքներն օգուտ մեր ժողովրդին: Ես կարող եմ բռնության դեմ գործողությունը հասկանալ, մարդու արժանապատվության պաշտպանությունը կարող եմ հասկանալ, բայց երբ արտաքուստ այդ ամենին նպատակաուղղված բառերի, դարձվածքների տակ կան հետին նպատակներ, որոնք կարող են տկարացնել, քայքայել մեր ընտանիքները, խախտեն ամուսին-կին փոխհարաբերությունները, այլանդակեն ծնող-զավակ փոխհարաբերությունները, ես կարող եմ մտածել, որ այդ բոլորին մենք պարտավոր ենք շատ խոհեմորեն մոտենալու, որովհետև Ավետարանն ինքնին մեզ սովորեցնում է լինել բարի աղավնիների նման, բայց օձերի նման խորագետ լինել, որպեսզի իմանանք` այլոց տվածը մեզ համար արդյոք թո՞ւյն է, թե օշարակ:
Այստեղ է, որ մենք շատ մեծ զգուշավորությամբ պետք է մոտենանք ամեն մի պարտադրանքի, որովհետև դրա ետևում թաքնված է դրամական խայծը: Եթե այստեղ մեզ փող են խոստանում` այսքան միլիոն եվրո, եթե ընդունեք, նշանակում է, մեզ կաշառում են` վաղը մեր ընտանիքները կործանելու համար: Այսօր ոմանք, որոշ պաշտոնյաներ իրենց գրպանները պետք է լցնեն այդ միլիոններից, որպեսզի վաղը հայ ժողովուրդը կորցնի իր ազգային դեմքն ու դիմագիծը: Ուրեմն այստեղ է, որ մենք պետք է, իբրև ձևավորված ազգ, մոտենանք այդ հարցին, և ոչ թե շահադիտական նպատակներով, ինչ-որ մի քանի անորոշ կերպարանքով անձինք որոշեն մեր հայ ժողովրդի ապագա կերպարի ձևավորումը, որը ոչ թե կերպարի ձևավորում է, այլ անձևության ձևավորում: Նրանք գումարով «պետք է»-ի գաղափարն են մեզ պարտադրում: Անհատների շահը մենք պետք է դատապարտենք և նմաններին բանտ մտցնենք, որոնք հանուն իրենց անձնական շահի, գնում են այդպիսի քայլերի: Ի՞նչ է 12 միլիոն եվրոն մի պետության համար, ոչնչությո՛ւն: Ուրեմն մեր ամբողջ ազգը, պետական կառույցն են մատնում…, ինչ է, թե որոշների գրպանը այդ 12 միլիոնից, ինչպես վարկերի ու դրամաշնորհների հետ կապված անցյալի դառը փորձն է վկայում, գումարներ կարող են գնալ: Ո՞ւր է բարոյականությունն այս դեպքում…
-Դուք մեծ կենսափորձ ունեք, ճանապարհորդել եք աշխարհի տարբեր երկրներում, նաև Եվրոպայում եք բազմիցս եղել, ապրել այնտեղ, ի՞նչ վիճակ է Եվրոպայում, խնդրում ենք ականատեսի, տեղյակ մարդու ձեր տեղեկությունները փոխանցել մեր հասարակությանը:
-Երկար տարիներ, գիտեք, որ պաշտոնավարել եմ Գերմանիայում, ապա Ֆրանսիայում: Այս պետության մեջ հայկական շրջանակից ներս հանդիպել եմ այն բացասական իրողությանը, որ երեխաները Միջին Արևելքից գալով Եվրոպա, չեն ընկալում Եվրոպայում ընդունված այդ օրենքների բուն իմաստը, որոնք իրենց հնարավորություն են տալիս ծնողի անգամ նկատողության կամ խստության պարագայում դիմել ոստիկանություն: Ես հիշում եմ մեր եկեղեցու` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վարչական անդամներից մեկի պատմածը: Նա Մարսելից էր ու ցավով ու վշտով պատմում էր, որ իր աղջկա վրա բոռալու համար, նրա վրա ջղայնանալուն պես (իսկ բոռացել էր, որովհետև 15 տարեկան աղջիկը գիշերը ժամը 1-ին նոր էր տուն եկել դիսկոտեկից), աղջիկը, ինչպես իր ընկերուհիներն են նրան սովորեցրած եղել, զանգահարել է ոստիկանություն ու բողոքել իր հոր դեմ: Ոստիկանությունից եկել էին, հորը նախազգուշացրել, ասել, որ վերջին զգուշացումն է, եթե նման բան կրկնվի, աղջկադ քո ձեռքից կվերցնենք: Բացի այդ, 500 ֆրանկ տուգանել էին ծնողին, որ համարձակվել էր աղջկա վրա բարկանալ, թե ինչու ես 15 տարեկան հասակում գիշերը ժամը 1-ին դիսկոտեկից տուն գալիս: Ուրեմն սա խոսում է այն մասին, որ դու այլևս իրավունք չունես քո զավակին դաստիարակելու այնպես, ինչպես դու ես դաստիարակությունն ու բարոյական կերպարի ձևավորումն ընկալում, այլ նրա հոգևոր հեղհեղուկ, չձևավորված վիճակը պետք է թողնես այնպես, ինչպես ինքն է ուզում, որ ձևավորվի: Եվ, ցավոք, այս ճանապարհին շատերն են կորցնում իրենց զավակներին, որոնք դառնում են հաշիշամոլներ, տարբեր տեսակի աղանդների, շարժումների անդամներ: Այսպիսով մենք տեսնում ենք, որ երբ ծնողական դաստիարակությունը իբրև թե երեխաների ազատության, իրավունքների անվան տակ վերցվում է ծնողներից, առաջին հերթին գիծ է քաշվում ծնող-զավակ փոխհարաբերության միջև, որովհետև զավակները սկսում են ապրել այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս կամ ինչպես իրենց են գայթակղել արտաքին ազդակներով:
Հետաքրքիրն այն է, որ ծնողից պահանջում են երեխայի իրավունքի պաշտպանություն, բայց երեխային չեն պարտադրում ծնողի իրավունքի պաշտպանություն: Սա նշանակում է, որ երեխան կարող է ամեն ինչ անել, պատասխանատուն ծնողն է, բայց երեխան երբեք պատասխանատու չէ իր արարքի համար, որը կարող է ընդդեմ իր ծնողի իրականացնի: Սա նպատակաուղղված քաղաքականություն է, որն արտահայտված է դեռ 19-րդ դարի վերջից հայտնի մի ծրագրում, որի 3-րդ կետով ասվում էր` ամեն ինչ անել ընտանիքի գաղափարը քայքայելու համար: Ես մտածում եմ, որ այսօր իրականացվում է այդ իսկ ծրագիրը. ամեն ինչ արվում է ընտանիքի գաղափարը վերացնելու համար: Գիտեք, որ 1952 թվականին երբ Դեյվիդ Բերգն իր հիպիական շարժման գաղափարախոսության հիմքը դրեց, նպատակներից մեկը հենց դա էր` ազատության անվան տակ ընտանիքի գաղափարն էր քայքայվում, որովհետև ոչ ոք չէր հասկանում ով է կինը, ով է տղամարդը, ով ում ամուսինն է: Ստեղծվել էր մի քաոտիկ վիճակ, նույնն այսօր աշխատում են Հայաստանում անել` ա՛յն երկրում, որը, ինչպես շատերն են նշում, հիմքը, օրրանն է հանդիսացել մարդկության, ըստ շումերական առասպելի, կոչվել է իմաստնության և արվեստների աղբյուր, նրանք ասում էին, որ Արատտայից ցած իջան իմաստնությունն ու արվեստը: Այնպես որ, այս բոլորին, կարծում եմ, պետք է շատ խոհեմորեն մոտենանք և թույլ չտանք մեր միջի անորոշ կերպարներով անձինք խաղան մեր ժողովրդի ճակատագրի հետ:
-Նշեցիք մեր երկրի վերաբերյալ շումերական աղբյուրի հիշատակության, մեր հնագույն երկրի` Արատտայի մասին, որը հայտնի էր նաև որպես Սուրբ օրենքների երկիր: Այսօր երբեմնի Սուրբ օրենքների երկրում փորձում են հասնել նոր Քրեական օրենսգրքի ընդունման, ՀՀ արդարադատության նախարարությունը համապատասխան կայքում արդեն հրապարակել է նոր Քրեական օրենսգրքի նախագիծը, որի 197-րդ հոդվածով քրեական պատիժ է նախատեսվում այն անձանց նկատմամբ, ովքեր խտրական վերաբերմունք են դրսևորում նաև միասեռականների և ուրիշ այլասերվածների նկատմամբ: Քրեորեն պատժելի է համարվում խտրականությունը` կախված անձի սեռական կողմնորոշումից, ինչը նշանակում է, որ եթե, ասենք, միասեռական անձի նկատմամբ դպրոցի տնօրենը խտրականություն է թույլ տալիս, օրինակ, չի ընդունում աշխատանքի կամ իմանալուց նրա սեռական կողմնորոշման մասին, ազատում է աշխատանքից` ունենալով այն համոզմունքը, որ այդպիսի մեկն իրավունք չունի զբաղվել մատաղ սերնդի դաստիարակությամբ, ապա ենթակա է մինչև 3 տարվա ազատազրկման: Նույն պատիժն է սպասվում նաև այն պաշտոնյաներին, ովքեր կմերժեն, ասենք, Հանրապետության հրապարակում շքերթ անցկացնելու, երեխաներ որդեգրելու, այլասերվածության քարոզչությամբ հանդես գալու միասեռականների ցանկությունները: Այսօր, ահա, այսպիսի իրավիճակի առաջ է կանգնած Հայաստանը, որը վաղնջական անցյալում հայտնի էր որպես Սուրբ օրենքների երկիր: Ի՞նչ ասելիք ունեք այս կապակցությամբ:
-Այո, հնագույն շրջանում մեր երկիրը հայտնի էր որպես Սուրբ օրենքների և սուրբ ծեսերի երկիր, և սուրբ օրենքները և սուրբ ծեսերը պահելու շնորհիվ էր, որ Հայաստանը նկատվում էր որպես Աստվածների բնակավայր, մեր հնագույն երկրի բնակչությունը համարվում էր այն ժողովուրդը, որը տիրապետում էր անմահության գաղտնիքին: Այսօր, դժբախտաբար, մենք չունենալով այդ հավատամքը, որ մեր երկիրը եղել է Աստծո երկիրը, որտեղ Նոյը խոսել է Աստծո հետ ջրհեղեղից հետո, որ մեր երկիրը եղել է Սուրբ օրենքների և սուրբ ծեսերի երկիր, այս բոլորը մոռանալով, փորձում ենք այլոց այլանդակված, այլասերված օրենքները որդեգրել:
Որոշ պարագաներում, քաղաքական իմաստով, հայերս հաճախ համեմատվում ենք հրեաների հետ, մեր երկիրը` Իսրայելի հետ, մոռանալով, որ մեկ բան, որ այսօրվա ուժը, որ ունի հրեա ժողովուրդը, գալիս է իր օրինապահությունից, իր ազգային օրենքներից… Ի՞նչն է պատճառը, որ ոմանք մեր ազգային օրենքներից երես դարձնելով, 30 արծաթի համար ծախում են մեր ազգին, ծախում են մեր ազգայինը, և առանց անհարմար զգալու, 197-րդ հոդված են հորինում և ուզում ընդունել, որով բնության մեջ գոյություն չունեցող մի նոր կենդանակերպի ամենալայն ասպարեզ են տալիս: Բնության մեջ գոյություն չունի տղամարդ` տղամարդու հետ ամուսնացող, կին` կնոջ հետ ամուսնացող:
-Անբնական է դա, ավելի ճիշտ, հակաբնական է…
-Ներողություն, ֆիզիկայի մեջ երբ որ պլյուսը պլյուսին եք մոտեցնում, նրանք իրարից վանվում են, մինուսը մինուսին եք մոտեցնում` վանվում են իրարից, ինչպե՞ս մենք կարող ենք թույլ տալ բնության հակառակ գործողություն, չասելով էլ այն մասին, որ Աստվածաշունչը գրում է` Աստված մարդուն արու և էգ ստեղծեց և ասաց` աճեցեք, բազմացեք և երկիրը տիրեցեք և լցրեք այն: Իսկ որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն: Սա անհեթեթություն է, և այդ աբսուրդի մեջ ուզում են պետություն, պետականություն ձևավորել: Ինչպե՞ս է հնարավոր սա…
-Ինչպիսի՞ն է քրիստոնեության, Աստվածաշնչի վերաբերմունքը միասեռականների և միասեռականության նկատմամբ:
-Ահավոր է, Մովսեսական օրենքն ասում է` եթե մի արու մեկ այլ արուի օգտագործի էգի պես, երկուսն էլ դատապարտված են մահվան, և գիտե՞ք ինչու… Որպեսզի չարը Իսրայելի մեջ տարածում չգտնի: Իսկ մենք 12 միլիոն եվրոյով չարը քաղցկեղի նման տարածում ենք մեր ամբողջ բնակչության մեջ, որ ի՞նչ լինի… Ի՞նչ հավասարության մասին է խոսքը, ո՞ր հավասարության մասին է, հավասարությո՞ւն ենք ուզում ստեղծել, սոցիալական գետնի վրա ստեղծենք, և ոչ թե` անատոմիական գետնի վրա, որ մարդիկ չիմանան, թե հաստ աղիքն ինչի համար պետք է օգտագործվի: Սա մեզ մտածել պետք է տա, թե ինչ ենք ուզում մենք: Գիտեք, Ցիցերոնը մի հրաշալի դարձվածք ունի, որն ինձ համար պաշտամունքային գաղափար է. նա ասում է` եթե ուզում ես ազատ ապրել, պետք է լինես ստրուկը օրենքի, օրինապահության: Եվ բնությունի՛ց տրված օրենքը մեզ համար պետք է լինի ապրելակերպ` հավատամքային իմաստով, և ոչ թե` ինչ-որ մեկն ինչ-որ ցնդաբանություն շարադրի, և ոմանք էլ իրենց ագահությունից գայթակղված, որպեսզի մի քանի կոպեկ խժռեն, պատրաստ լինեն ամեն տեսակի օրենք ընդունելու:
- Իսկ Նոր Կտակարանը, քրիստոնեությունն ինչպե՞ս է այս խնդրին վերաբերվում:
-Քրիստոս մի խոսք ուներ` ասում էր երկիր և երկինք կանցնեն, բայց օրենքից և մարգարեությունից մեկ տառ անգամ չի կարող վերանալ, փոխվել: Անշուշտ, Նոր Կտակարանում այս խնդրին անդրադարձ կա: Կորնթացիների թղթի մեջ շատ հստակ գրված է, որ ձերբազատվեք, հեռու մնացեք հեթանոսների ունեցած այդ վատ սովորությունից: Անտեսելով, թե ինչ ճակատագրի արժանացան Սոդոմն ու Գոմորը, Հայաստանը մարդու իրավունքների (չակերտյալ) անվան տակ տանում են դեպի սոդոմգոմարային վիճակի: Դա՞ է մեր նպատակը, ուզածը, վստահ եմ` ո՛չ:
- Խնդրում ենք ձեր տեսակետը, ինչպես նաև քրիստոնեական վարդապետության մոտեցումը ներկայացնել «ազատություն» գաղափարի նկատմամբ, այդ հասկացությունն արդյոք բացարձա՞կ է, մի՞շտ է, որ ազատությունը բարիք է: Կա՞ն դեպքեր, երբ ազատությունը մարդուն տրվող իրավունքների շրջանակում կարող է վերածվել կամ վերածվում է չարիքի:
- Ազատությունը գեղեցիկ բան է, եթե այն ամենաթողության ահմանների մեջ չէ: Նայեք` ծովն ինչքան գեղեցիկ բան է, քանի դեռ պահում է իր սահմանագիծը եզերքի: Երբ ցունամի եղավ և ալիքները խախտելով ծովի սահմանները, մտան ափեր, ի՞նչ տեղի ունեցավ, կործանում: Մարդուն էլ, որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, թե ինչ է նշանակում ազատություն: Ճնշումը երբ 70/110 կամ 80/120, համարվում է նորմալ կամ բնական: Երբ այն մոտենում է 140-ի, հայտարարվում է արդեն հիպերտոնիա, արյան ճնշումը համարվում է բարձր, հիվանդագին: Ուրեմն ազատության մեջ անգամ ամեն ինչ ունի իր սահմանագիծը: Պետք է այս բոլորը` բնությունից վերցված, սովորե՛լ, մինչդեռ ոմանք բնության մեջ ապրելով, կտրված են բնությունից ու փորձում են մոտենալ ինչ-որ աննորմալ իրավիճակի, որը բնության օրենքներից հեռու է, աստվածային օրենքներին ընդհանրապես չի մոտենում: Ուրեմն ի՞նչն է այսօրվա մարդու նպատակը… Ես հասկանում եմ «իրավունք» բառի իմաստը, գեղեցկությունը` այնպես, ինչպես, «ժողովրդավարություն» բառը: Հին հույները փորձեցին այդ ժողովրդավարությունը (դեմոկրատիան) օգտագործել, բայց տեսան, որ երկիրը վերածվում է քաոսի: Մենք ուզում ենք հիմա մեր երկիրը քաոսի՞ վերածել` «ազատության» անվան տակ: Հայտնի դարձվածք կա` իմ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշինը: Եթե ես մտածեմ այնպես, ինչպես այս կերպ են ոմանք մոտենում, պիտի լինի, որ ուրիշն ինձ համար գոյություն չունի, ազատությունն ուրիշին հաշվի չառնելու իմ իրավունքն է: Հետաքրքիր է, եթե ես գնամ այն նույն մարդու տուն, որն այս օրենքների նախագծերն է գրել, և իր ճաշասենյակի մեջ ինձ զգամ այնպես, ինչպես իր տուալետում, ինչպե՞ս ինքը կնայի իմ այս արարքին: Ինքը կհարգի՞ այս իմաստով իմ ազատությունը: Անշուշտ, չի հարգի:
- Խնդրում ենք ձեր տեսակետը և քրիստոնեական վարդապետության մոտեցումը ներկայացնել նաև «ընտանիք» հասկացության նկատմամբ, ընտանիքն արդյոք մի համակա՞րգ է, որը կարող է ղեկավար չունենալ կամ բազմաթիվ ղեկավարներ ունենալ, այսինքն` ամեն մեկն իր կողմ քաշել կարապի ու խեցգետնի նման, ով ինչ ուզում է, անի, թե ընտանիքը նման է մի նավի, որն իր նավապետն ունի և իր նպատակակետը տանող նավարկման ուղղությունը:
- Կարծում եմ, մեր ժողովրդին քրիստոնեական արժեքներից հեռացնելը հատուկ նպատակ ուներ: Եփեսացիներին գրած նամակում երբ քահանան պսակադրության ժամանակ ընթերցում է Պողոս Առաքյալի նամակը, ներկայացնում է այնտեղ շատ հստակ գրված ընտանիքի, նրա անդամների դերը, ըստ որի, ամուսինը գլուխն է կնոջ` այնպես, ինչպես Հիսուսը գլուխն է Եկեղեցվո, և կինը պետք է հնազանդվի ամուսնուն, իսկ ամուսինն իր կնոջ տերը լինի` պայմանով, որ ամուսինն իր կնոջը խնամի այնպես, ինչպես ինքն իրեն կխնամի: Գրված է, որ ամուսինը պարտավոր է թողնել իր հորը և մորը, և իր կնոջը միացած, գնալ կնոջ հետ միասին: Այս բոլորը վկայում են այն մասին, որ նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն իրենց ճշտված տեղն ունեն տան մեջ, այլև դերն ունեն ճշտված, որպեսզի ամեն մեկն իմանա որտեղ է իր սահմանագիծը, այլապես «ազատություն» ասվածը կարող է անհեթեթության աստիճանի հասնել, ինչպես, օրինակ, Եվրոպայում: Այնտեղ եթե տղամարդը կնոջը մի բան է ասում, դառնում է պիժոնի պես մի բան, արհամարհական անվան արժանի, որովհետև կնոջն ինչ-որ բան է ասել, իսկ կինը երբ որ ամուսնուն ամեն ինչ ասի, դեռ մի բան էլ ապտակի, դա արդեն նորմալ ու բնական երևույթ է: Ինչո՞ւ ենք մենք մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնում: Այս ամենը գալիս է մարդուն ճշմարիտ հավատքի օրինագծից դուրս հանելու և կործանարար օրինագծի սահմանների մեջ մտցնելու նպատակադրումից:
- Ընտանիքի նկատմամբ բռնության մասին օրենքի նախագծով ուզում են մեր ընտանիքները դարձնել բազմագլուխ, բազմաղեկավար կամ անղեկավար, որտեղ ընտանիքի անդամներից ով ինչ ուզում է (իրար վրա բռնանալուց, ինչպես նաև դաստիարակչական բնույթի որոշ քայլերից բացի), իրավունք ունի և կարող է անել: Մեկը մյուսի «ազատությունն» սահմանափակելու իրավունք չպետք է ունենա: Եթե, ասենք, 16-ամյա պատանին ցանկացավ լոմբարդից գումար վերցնել, գնալ խաղատուն` խաղալու, գնալ գիշերային ակումբ` սին, անբարո վայելքների ետևից, ընկերների կամ համացանցում եղած նյութերի վատ ազդեցության տակ ընկնելով, ցանկացավ համասեռամոլների կամ աղանդավորների հավաքի գնալ, ծնողն այլևս իրավունքը չպետք է ունենա դա չթույլատրելու: Իր երեխայի վրա գոռալու, հարկ եղած դեպքում, դաստիարակչական նպատակով նրան ապտակելու, կամ տան դուռը նրա վրա փակելու, այլ կերպ բնակարանից նրա ելքն արգելելու համար, ծնողը ենթակա է լինելու խիստ պատժամիջոցների, օրինակ, իր ընտանիքից, տնից մինչև 20 օրով, 9 ամսով արտաքսվելու, այդ ընթացքում իր իսկ տանը 100 մետրից ավելի մոտենալու իրավունքից զրկվելու…
- Վերջերս մի հոդված էի կարդում, Գերմանիայում սեքս դաստիարակության դասընթացներ կան, 10 տարեկան մի քանի երեխաներ հրաժարվել էին այդ դասընթացներին մասնակցել, նրանց ծնողներին 1 շաբաթ բանտարկել էին և յուրաքանչյուրին 500 եվրո տուգանել էին: Այսինքն` ստացվում է այնպես, որ դուք այլևս ոչ ձեր ընտանիքի տերն եք, ոչ ձեր զավակների: Մի քանի ամիս առաջ էր, մեկ այլ հոդված էի կարդում, Նորվեգիայում երեխային դասը սովորեցնելու համար, երբ մայրը նրան պարտադրել է անգիր անել, երեխան բողոքել է ոստիկանություն և ծնողներին բանտարկել էին, թե դուք ինչ իրավունք ունեք երեխային ստիպել դասը սովորելու, հաջորդ անգամ մենք ձեզ ծնողական իրավունքից կզրկենք: Այսինքն` սա անհեթեթություն է, երբ անգամ իրավունք չունես երեխայիցդ պահանջելու, որ դասերը սովորի: Սա նշանակում է երեխայի իրավունքը պաշտպանել`  նրան դաստիարակելու ծնողի իրավունքը ոտնահարելով, այդ դեպքում ո՞ւր է ծնողի իրավունքը… Ես հասկանում եմ` եթե ծնողը երեխային ծեծում, ջարդում է, նրա նկատմամբ սարսափելի վերաբերմունք դրսևորում, ապա դրա համար պետք է պատժվի, բայց նրա վրա, ասենք, բարկանալու, նրանից դասերը սովորել պահանջելու կամ, թեկուզ, երեխային ապտակելու համար ծնողին ծնողական իրավունքից զրկելն անարդար է, վտանգավոր և անընդունելի: Մենք իրավունք չունենք այս քայլին գնալու, եթե մտածում ենք մեր երեխաների դաստիարակության, մեր ընտանիքների, մեր երկրի և ազգային անվտանգության մասին:
- Այո, Եվրոպան, ցավոք, աստիճանաբար վերածվում է մի մեծ համակենտրոնացման ճամբարի, և այդպիսին ուզում է դարձնել նաև Հայաստանը և այլ երկրներ` կաշառելու, համոզելու, թելադրելու, հանձնարարելու, կաշառքի դիմաց պայմաններ առաջադրելու, իսկ ոչ պաշտոնական հարթությունում թերևս նաև պահանջելու միջոցով փորձելով ընդունել տալ, իսկ որոշ դեպքերում արդեն իսկ ընդունել տալով իրենց օրենքների նման օրենքներ: Հակառակորդը, ավելի ճիշտ, թշնամին Հայաստանի նկատմամբ լայնածավալ գրոհի է անցել` փորձելով հասնել ընտանիքի դեմ բռնության մասին ընտանիքաքանդ օրենքի, միասեռականներին և այլ այլասերվածներին լայն իրավունքներ տվող «Խտրականության դեմ» օրենքի, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, ՀՀ քրեական նոր օրենսգրքով (նախագծի 197-րդ հոդված) նրանց նկատմամբ ցանկացած խտրականության համար մինչև 3 տարվա ազատազրկում սահմանելուն: Դրանք մեկը մյուսից չարիք և աղետալի կլինեն մեր երկրի, հասարակության համար, հետևաբար դրանց դեմ մենք հասարակություն-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին միասնական պայքարով պետք է ընդդիմանանք ու թույլ չտանք այդ օրինագծերի ընդունումը:
- Կառավարության, Ազգային ժողովի համապատասխան պաշտոնյաներից ամեն մեկը պետք է հասկանա ինչ օրենք է շարադրում, ինչ օրենք է ուզում ընդունել, ինչ օրենք է ընդունում, մենք կոճակ սեղմող Ազգային ժողովի կարիք չունենք, կարիք ունենք Ազգային ժողովում իրավագիտության տիրապետող մարդկանց:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ