Հաջորդ տարի հուշարձանների ամրակայման և նորոգման աշխատանքները կվերահսկվեն նաև տեսախցիկների օգնությամբ


Հաջորդ տարի հուշարձանների ամրակայման և նորոգման աշխատանքները կվերահսկվեն նաև տեսախցիկների օգնությամբ

  • 20-11-2017 13:36:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հաջորդ տարի պատմամշակութային հուշարձանների ամրակայման և նորոգման աշխատանքները կվերահսկվեն նաև տեսախցիկների օգնությամբ: 
 
Այս մասին լրագրողների հետ Գոշավանք կատարած շրջայացի ժամանակ նշեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
 
Ըստ նրա՝ բոլոր տեղերում նույն պատկերն է, որը շինարարական «Արհովշին» ընկերության անհեռատես պլանավորման, անփույթ վերաբերմունքի, աշխատանքի ձգձգման, նախատեսված ծավալի անհեռանկար ձևակերպումների արդյունք է: 
 
«Պետք է խիստ վերահսկողություն սահմանել այս ամենի նկատմամբ. Այս տարի  տեխնիկական և հեղինակային հսկողությանը, որը ոչ այդքան արդյունավետ է, ավելացավ մեր այս հանրային վերահսկողությունը ձեր օգնությամբ»,- նշեց Ա. Ամիրյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է արդեն իսկ ձեռք բերվել, որպեսզի հոգևոր սպասավորները ևս հատուկ գրանցամատյանների միջոցով ուղղակիորեն վերահսկողություն սահմանեն տվյալ պատմամշակութային հուշարձանի ամրակայմամբ և նորոգմամբ զբաղվող շինարարական ընկերության նկատմամբ: 
 
Նախարարի խոսքերով՝ հաջորդ տարի հայտարարվող մրցույթի պայմանների մեջ ներառվելու է շինարարական ընկերության կողմից պարտադիր կերպով առնվազն երեք տեսախցիկների օգնությամբ առցանց վերահսկողություն ապահովելու պահանջը: 
 
Ա. Ամիրյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանին հանձնարարեց գյուղի երիտասարդներից կազմված կամավորների խումբ հավաքագրել, ովքեր ժամանակին կհեռացնեն վանական համալիրի տանիքների, պատերի ու գմբեթների ծածկասալերի մեջ աճած խոտերն ու թփերը: 
 
Նշենք, որ Գոշավանք վանական համալիրում ամրակայման և նորոգման շինաշխատանքները սկսվել են 2012 թվականից: 
 
Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի փոխանցմամբ՝ 120 մլն դրամ ընդհանուր արժողությամբ նախագիծն իրականացնելու համար նախկինում ծախսվել է 55,5 մլն դրամ ( ավարտվել է նաև Մխիթար Գոշի դամբարանի հատվածը)։ 2017-ին հատկացվել է 17 մլն դրամ՝ Ս.Աստվածածին եկեղեցու տանիքածածկի լանջերի մի մասը վերականգնելուն, հաջորդ տարի հատկացվելիք 23 մլն դրամով նախատեսվում է մյուս լանջերի վերականգնումը։
 
Լրագրողի այն հարցին, թե ինչու հուշարձանն օգտագործողը՝ տվյալ դեպքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ֆինանսական ներդրում չի ունենում համալիրի վերականգնման աշխատանքներում, որպեսզի այն մաս առ մաս չվերականգնվի, այլ ամբողջությամբ, Ա. Աբրոյանը, մասնավորապես, նշեց. 
 
«Իհարկե ցանկալի է ոչ միայն առաքելական եկեղեցու, այլև  ցանկացած անհատի ֆինանսական միջամտությունը, եթե կարող են օգտակար լինել. Ի վերջո մշակույթը բոլորինս է»: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն