Ռուսաստանի ՊՆ-ն Ադրբեջանի հետ սպառնում է Հայաստանին


Ռուսաստանի ՊՆ-ն Ադրբեջանի հետ սպառնում է Հայաստանին

  • 20-11-2017 17:33:56   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը իր կիրակնօրյա լրատվա-վերլուծական թողարկումներից մեկում Հայաստանի հանդեպ թույլ է տվել գրեթե սպառնալից անդրադարձ: «Կանխատեսումներ», ահա այդպես է կոչվում հեռուստահաղորդումը, որի ընթացքում եղել է անդրադարձ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որը սպասվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
 
Հիշեցնելով այդ մասին, հաղորդավարուհին հարց է տվել, թե արդյո՞ք Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով: Ավելին, անդրադարձի ընթացքում հիշատակվում է Հայաստանում «ֆաշիզմի աջակից Նժդեհի» արձանի տեղադրումը, Նժդեհին որակելով իբեւ «հայկական Բանդերա»: Արձանի տեղադրումը բնորոշում է «վիրավորանք ֆաշիզմի դեմ հերոսական պայքար մղած» հայ ժողովրդի հասցեին:
Անդրադարձ է եղել նաեւ ՀՀԿ կուսակցական տարբերանշանին, ակնարկով, թե դա եւս առնչվում է ֆաշիզմին, քանի որ կուսակցական ներկայացուցիչներից ոմանք ասել են, թե այո՝ իրենք արիացիներ են: Այդպիսով, ռուսական հեռուստաալիքի հաղորդմանը փաստացի կասկածի տակ է դրվում իշխող ՀՀԿ գաղափարախոսական հենքի այսպես ասած «յուրայինությունը» կամ «վստահելիությունը»: Եվ ի վերջո հնչում է հարցը՝ միթե Հայաստանը տանում են Ուկրաինայի ճանապարհով:
Ավելորդ է ասել, որ այդօրինակ հայտարարությունը անթաքույց սպառնալիք է Հայաստանի հասցեին:
Այդ ամենը գուցե հնարավոր լիներ վերագրել այսպես ասած հեղինակային, մեկնաբանական հանգամանքի, բայց ամբողջ խնդիրն այն է, որ անդրադարձը եւ որակումները, դե ֆակտո սպառնալիքը հնչել է մի հեռուստաալիքով, որը պետական է եւ որի սեփականատերը ոչ այլ ոք է, քան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ այդմ, քանի դեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հայտարարել, որ իր սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքով հնչած մեկնաբանությունը ամենեւին չի արտացոլում ՊՆ պաշտոնական տեսակետը, կա հիմք պնդելու, որ հնչել է ՌԴ ՊՆ սպառնալիքը Հայաստանի հասցեին, կամ առնվազն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական քարոզչամեքենան բացահայտ եւ անթաքույց քարոզչա-տեղեկատվական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին:
Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հեռանկարով ամենից մտահոգվածը Ադրբեջանն է: Բանն այն է, որ համաձայնագիրը ոչ միայն Եվրամիության եւ Եվրատլանտյան դաշինքի հետ հարաբերությունում զգալի դիվիդենտ է Հայաստանին, ըստ այդմ նաեւ էապես նպաստում է Հայաստանի ռազմա-քաղաքական պաշտպանունակությանը, այլ գործնականում նաեւ էական քայլ է դեպի տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ձեւավորում, որում Ադրբեջանը գործնականում կարող է հռչակվել պարզապես միջազգային անվտանգության սպառնալիք կամ թշնամի: Առավել եւս, որ Նորվեգիայում տեղի ունեցած ՆԱՏՕ զորավարժությանը «անհատական գործողության» հղումով այդպիսին արդեն իսկ հռչակվել է Թուրքիան եւ դրա նախագահ Էրդողանը: Ալիեւը թերեւս հասկանում է, որ հաջորդը պարզապես Ադրբեջանն է:
Միեւնույն ժամանակ, ինչպե՞ս պետք է Ադրբեջանը փորձի հակազդել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Իհարկե ամենագործուն միջոցը Ռուսաստանն է, փորձելով համոզել, փաստարկել Կրեմլին, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այդքան էլ անվնաս կամ անվտանգ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:
Ամենեւին պատահական չէ, որ հաղորդման անդրադարձը ընդգծված առանձնացնում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստի հատված, որտեղ խոսվում է այն մասին, որ համաձայնագիրը կօգնի բարձրացնել արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերում քաղաքական գործակցության էֆեկտիվությունը:
Գործոն, որն անկասկած ամենից շատն է մտահոգում Ադրբեջանին: Ի վերջո, աներկբա է, որ Ռուսաստանն այստեղ չունի մտահոգվելու անհրաժեշտություն: Ռուսաստանն այդ հարցում Հայաստանի այսպես ասած անջատական գործողություններից ապահովագրված է ոչ միայն երկկողմ պայմանագրերով, ոչ միայն ՀԱՊԿ ու ԵՏՄ շրջանակներով, այլ նաեւ լրացուցիչ մեխանիզմներով, ինչպես օրինակ հայ-ռուսական միացյալ խմբավորումը: Աներկբա է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը չի պարունակում հայ-ռուսական հարաբերության ծավալը որեւէ կերպ կասկածի տակ դնելու որեւէ վտանգ:
Դատելով հայ-ռուսական հարաբերության բնույթից, Սերժ Սարգսյանի նոյեմբերի 15-ին Մոսկվա կատարած այցից, Կրեմլի նախատրամադրվածությունը շրջանակային հայ-եվրոպական համաձայնագրի հարցում դրական է: Գուցե հենց այդ ազդակն է պատճառը, որ նոյեմբերի 19-ի թողարկմանը տեղի է ունենում բավական ագրեսիվ անդրադարձ այդ թեմայով, թերեւս փորձելով հնարավորինս արագ փոխել Կրեմլի տրամադրվածությունը:
Եվ հատկանշական է, որ դա կատարվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքով: Այլ կերպ ասած, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քարոզչական հակահայկական ծառայություն է մատուցում Ադրբեջանին:
Ընդ որում, ստեղծվում է բավական բարդ իրավիճակ: Մի կողմից, եթե Երեւանը կոշտ պահանջ է ներկայացնում անդրադարձի մասով, առաջանում է հայ-ռուսական լարվածության խնդիր, ինչը կարող է լինել հենց քարոզչական արկածախնդրության կազմակերպիչների եւ ծառայություն մատուցողների նպատակը: Մյուս կողմից, եթե Հայաստանը մատնում է այն լռության, ապա այստեղ իհարկե առկա է պետական արժանապատվության եւ սուբյեկտության խնդիր:
Մի բան աներկբա է, որ Հայաստանը վերջին օրերին պետք է բազմապատկի իր դիվանագիտական-տեղեկատվական աչալրջությունը Մոսկվայում, «ֆորս-մաժոր» թույլ չտալու համար: Աներկբա է, որ Ադրբեջանն ու դրա հետ ֆինանսատնտեսական կամ բիզնես հարաբերության մեջ գտնվող ռուսական պաշտոնական շրջանակները նոյեմբերի 24-ին ընդառաջ աշխուժացնելու են Կրեմլում «բեկման« հասնելու իրենց ջանքը:
Հայաստանը պետք է դրան հակադրի նույն ծավալի աշխուժություն, միաժամանակ երկրորդ անգամ չտրվելով շանտաժի, որն ակնհայտորեն առկա է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ալիքի անդրադարձում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը