Երազել և միշտ պահպանել բարձր չափանիշներ. Գարո Արմեն


Երազել և միշտ պահպանել բարձր չափանիշներ. Գարո Արմեն

  • 20-11-2017 18:17:21   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ինովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) հաջողության դպրոցի առաջին հյուրն էր «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, Աջենուս կորպորացիայի նախագահ և գլխավոր տնօրեն Գարո Արմենը: Ողջունելով նրան համալսարանում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հաջողության դպրոցը հարթակ է՝ ծանոթացնելու բուհի ուսանողներին աշխարհահռչակ բժիշկների հետ: Նրա խոսքով՝ Գարո Արմենը ոչ միայն հաջողված գործարար է, այլև խոշոր բարերար: 
 
Անդրադառնալով քաղցկեղի բուժման ոլորտին՝ COAF հիմնադիրը նշեց, որ այն շատ արագ փոփոխվում է: «23 տարի առաջ ես սկսեցի իմ ճանապարհորդությունն այս ոլորտում: Քաղցկեղն ամեն հիվանդի մոտ իր ուրույն դրսևորում է ստանում», - պատմեց Գարո Արմենը: Իմունային համակարգի պայքարը քաղցկեղածին բջիջների դեմ նա համեմատեց թշնամու դեմ բանակի պայքարի հետ: 
Ուսանողներից մեկի հարցին, թե որն է իր գլխավոր նպատակը, Գարո Արմենը պատասխանեց. «Իմ վերջնական նպատակը ձեր բոլորի վերջնական նպատակն է: Հայաստանն ունի 3-5 հազար տարվա պատմություն. այս ամբողջ ընթացքում մենք աչքի ենք ընկել շատ ոլորտներում: Մենք մի ազգ ենք, որն օժտված է հումանիզմի բարձր մակարդակով, որը մենք կարող ենք հաջողությամբ համադրել ինտելեկտուալ կարողությունների հետ: Լավագույն ներդրումը մենք կարող ենք անել մարդկանց մեջ, հատկապես՝ շրջաններում և գյուղերում, ոչ թե բիզնեսում: Մենք ունենք հրաշալի, տաղանդավոր մարդիկ, որոնք սփռված են ամբողջ Հայաստանով»: Ինչ վերաբերում է իր հաջողության բանալուն, COAF հիմնադիրը դեռ չի համարում իրեն հաջողակ, քանի որ չի հասել վերջնական նպատակին: «Իմ ժամանակավոր հաջողությունը կապված է անսպառ հավատի և երբեք չհանձնվելու հետ», - ընդգծեց Գարո Արմենը: Նա խորհուրդ տվեց ուսանողներին երազել և միշտ պահպանել բարձր չափանիշներ: Հանդիպման վերջում Գարո Արմենը խոստացավ, որ շատ շուտով կվերադառնա Հայաստան:     
 
Նոյյան տապան  -   Հասարակություն