ՀՀ ԱԺ հատուկ նիստում երեխաների մասնակցությամբ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

20-11-2017 19:43:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվել է հատուկ նիստ՝ նվիրված Երեխաների համաշխարհային օրվան:

Հատուկ նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:Ելույթը՝ այստեղ: 

Նիստում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, ովքեր շնորհավորել են երեխաներին իրենց տոնի առթիվ, մաղթել անհոգ ու լուսավոր ապագա:

Դիմելով հատուկ նիստին մասնակցող երեխաներին՝ Հակոբ Հակոբյանը վստահեցրել է, որ մեր երկրում արվում է առավելագույնը՝ երեխաների լավագույն ապագայի, մրցունակ գիտելիքներով եւ պատշաճ դաստիարակությամբ օժտված նորօրյա սերունդ ձեւավորելու համար: «Մեր պարտքն է ապահովել ձեր առողջ, անհոգ եւ երջանիկ մանկությունը, բարեկեցիկ պայմաններ ստեղծել ձեր լուսավոր եւ ապահով ապագայի համար, որպեսզի դուք մեծանաք ընտանիքներում, շրջապատված լինեք սիրով, ջերմությամբ եւ կարողանաք իրականացնել ձեր մանկության երազանքները»,- ասել է նա:

Վարդան Բոստանջյանը կարեւորել է երեխաների՝ ազատ եւ անկաշկանդ մտածելու, գործելու հնարավորությունը, որը պայմանավորված է անկախ ու ազատ երկրում ապրելու հանգամանքով: Ըստ նրա՝ երեխաները ցանկացած առաջընթացի գրավականն ու առաջամարտիկներն են, եւ նրանց առջեւ լայն հնարավորություններ են բացված՝ առնչվելու նաեւ եվրոպական առաջադեմ արժեքներին: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն անդրադարձել է առաջիկա նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ՀՀ-ԵՄ «Համապարփակ եւընդլայնված գործընկերության վերաբերյալ» համաձայնագրին, որը, ըստ նրա, առավել կմեծացնի այդ արժեքների հետ շփվելու հնարավորությունը:

Ռուստամ Մախմուդյանն իր ելույթում խոսել է երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային փաստաթղթերից՝ նշելով, որ Հայաստանը եւս 1992 թվականին միացել է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիային, իսկ հետո՝ 1996 թվականին, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: «Ունենալով բավարար փաստացի իրավական հիմքեր, մեզ մնում է ապահովել մեր երեխաների ապագան՝ դարձնելով յուրաքանչյուր օրն ավելի ավելի պայծառ, լցնելով երեխաների կյանքը բարությամբ ու սիրո ելեւէջներով»,-նշել է Ռուստամ Մախմուդյանը: 
 

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 10 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռուբեն Օհանյանը «Բռնությունից զերծ կյանք յուրաքանչյուր երեխայի համար» թեմայով ելույթում նշել է, որ Հայաստանում մինչեւ 14 տարեկան երեխաների 70 տոկոսի նկատմամբ կիրառվում են ֆիզիկական պատիժ կամ հոգեբանական ճնշում պարունակող մի շարք դաստիարակչական միջոցներ: «Այն երեխաները, ովքեր բռնության են ենթարկվում, հետագայում դառնում են ավելի ագրեսիվ, ձեռք են բերում ֆիզիկական, հոգեբանական մի շարք խնդիրներ, ինչը վատ է անդրադառնում ծնողի եւ երեխայի հետագա հարաբերությունների վրա, կարող է դանդաղեցնել նաեւ երեխայի զարգացումը: «Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, հոգեբանական կամ այլ բռնությունից՝ շահագործումից, անփույթ, վատ, անտարբեր վերաբերմունքից պաշտպանված լինելու իրավունք»,- կոնվենցիայի դրույթն է մեջբերել Ռուբեն Օհանյանը:

Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Մհերյանը «Յուրաքանչյուր երեխա ընտանիքում» թեմայով ելույթում նշել է, որ, ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ մանկատներում ապրում է 647 երեխա, որոնցից 400-ն ունի հաշմանդամության կարգ: «Հայաստանում մանկատանն ապրող յուրաքանչյուր երեխայի համար պետությունը տարեկան ծախսում է միջինը 1.5 մլն դրամ: Կարծում եմ՝ այդ գումարը կարելի է հատկացնել երեխային տուն վերադարձնելու ծրագրերին՝ ծնողներին սովորեցնելով հմտություններ՝ աշխատանք գտնելու համար»: Մանե Մհերյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին առաջարկել է վերանայել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը եւ «Ընտանեկան օրենսգիրքը»՝ դարձնելով դրանք առավել երեխայակենտրոն: «Ըստ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու իրավունք»,- ամփոփել է Մանե Մհերյանը:

Երեւանի Րաֆֆու անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչիկյանը «Վաղ մանկական զարգացման հնարավորություն յուրաքանչյուր երեխայի համար» թեմայով ելույթում կարեւորել է նախադպրոցական կրթությունը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում 0-5 տարեկան երեխաների միայն 28,7 տոկոսն է հաճախում նախադպրոցական կրթական հաստատություններ, իսկ գյուղական համայնքներում՝ ընդամենը 17,2 տոկոսը: Նշելով, որ ՀՀ-ում մոտ 80 գյուղական համայնքներում չի գործում որեւէ նախադպրոցական կրթական հաստատություն, աշակերտն առաջարկել է բոլոր գյուղերում ու քաղաքներում ստեղծել նախադպրոցական կրթական հաստատություններ՝ ապահովելով որակյալ մասնագետներով: Նա նշել է, որ համաձայն «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ կետի՝ «Յուրաքանչյուր երեխա ունի զարգանալու իրավունք»:

«Արեգնազան» կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Ասատրյանն անդրադարձել է ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ավարտած երեխաների՝ հետագա կրթությունը շարունակելու հարցերին: Նա տեղեկացրել է, որ ցանկացել է կրթությունը շարունակել Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում, սակայն դա իրեն չի հաջողվել, քանի որ տնօրենը նշել է, որ «ներառական» երեխաների համար պայմաններ չունեն: Այս խոսքերը վիրավորել են Անիին, ով երազում է դառնալ հատուկ մանկավարժ: «Մեզ պետք չէ տարանջատել մյուս երեխաներից»,- ասել է Անին:

Երեւանի «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Ասատրյանը «Պատշաճ սնուցում յուրաքանչյուր երեխայի համար» թեմայով ելույթում անդրադարձել է երեխաներին առողջ սննդով ապահովելու հարցին: «Աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության դեպքերի մոտավորապես կեսը կապված է թերսնուցման ու անառողջ սննդի հետ: Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում երեխաների 14 տոկոսը գիրություն ունի, իսկ յուրաքանչյուր 10-րդ երեխան թերաճ է: Ըստ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 24-րդ եւ 27-րդ հոդվածների՝ «Յուրաքանչյուր երեխա ունի առողջ սննդի իրավունք»:

Ամփոփիչ խոսքով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Սիրելի երեխաներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց երեխաների իրավունքներին նվիրված՝ Ազգային ժողովում հրավիրված հատուկ հանդիպումը: Այսօրվա մեր հագեցած, եւ, միեւնույն ժամանակ, իսկապես օգտակար եւ ուսուցողական միջոցառումը երեխայի իրավունքների պաշտպանության գաղափարի շուրջ մեզ համախմբող լուրջ երկխոսություն էր, որի գործնական հետեւանքները, հուսով եմ՝ կարտացոլվեն նաեւ մեր գործողություններում: Հատուկ ցանկանում եմ պատգամավորների ուշադրությունը հրավիրել այս հարցերին:

Շնորհակալություն բոլորիդ եւ հատկապես այսօրվա նիստի մասնակից երեխաներին, ովքեր կարողացան ավելի ջերմ ու բովանդակալից դարձնել օրվա մթնոլորտն ու միջավայրը: Իսկ մենք՝ մեծահասակներս, կարող ենք եւ պարտավոր ենք ավելի սրտացավ, ուշադիր ու անկեղծ լինել երեխաների հանդեպ մեր վերաբերմունքի ու գործելակերպի մեջ: Մենք իրավունք չունենք անվստահ ու անհավատ լինել ապագայի հանդեպ: Իսկ երեխաները, մեր ապագան լինելուց առաջ, մեր ներկան են: Շնորհակալություն ձեր մասնակցության համար, շնորհակալ եմ ձեզ աջակցության համար եւ վստահ եմ, որ դու՝ փոքրիկ, կդառնաս հատուկ մանկավարժ»:

ՀՀ-ում ՄԱԿ-ի հիմնադրամը ԱԺ-ում երեխայի իրավունքներին նվիրված հատուկ նիստին մասնակից երեխաների համար նախատեսել էր նվերներ, որոնք երեխաներին են հանձնել ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից