ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

20-11-2017 19:45:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է էներգետիկայի ոլորտը կարգավորող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
 

Քննարկմանը ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ:
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, ըստ որի` ՀՀ էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի եւ բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական եւ բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության իրականացման, Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առեւտրի, էլեկտրական էներգիայի եւ բնական գազի ներկրման եւ արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձեւից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի եւ էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է:
 
Փոխնախարարը նշել է, որ օրենսդրական փաթեթով փորձ է արվում բարեփոխել էներգետիկ բնագավառի մոդելը, ինչը գործում է 2001թվականից:
 
Նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս միակ գնորդ-վաճառող շուկայի մոդելից անցում կատարել նոր՝ ազատական մոդելի, որտեղ նոր գործիքներ կներդրվեն միջպետական առեւտրի խթանման համար՝ որպես առաջնահերթություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանությունը եւ պատասխանատվության բաշխումը շուկայի մասնակիցների միջեւ:
 
Առաջարկվում է նաեւ մատակարարման եւ բաշխման գործառույթների տարանջատում, որի նպատակն է ապահովել նոր մատակարարների աստիճականական մուտքը էլեկտրաէներգետիկական շուկա, ինչը կստեղծի մրցակցային միջավայր մանրածախ շուկայում:
 
Միեւնույն ժամանակ նախատեսվում է էլեկտրաէներգիայի ներկրման եւ արտահանման առանձին լիցենզիաները, որոնց համար տարեկան պետական տուրք է սահմանված բազային տուրքի 5000-ապատիկի չափը, միավորել մեկ՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիայի ներքո` տարեկան պետական տուրքը սահմանելով բազային տուրքի 1000-ապատիկի չափով:
 
Նշվել է, որ նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
 
Հիմնական զեկուցողին ուղղված հարցերն առնչվել են էլեկտրաէներգիայի սակագներին, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրագծերի կառուցմանը, մեծածախ սպառող-մատակարար հարաբերություններին, պայմանագրերի կատարման վերահսկողությանը եւ այլ խնդիրների:
 
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը փաստել է, որ օրենսդրական փաթեթը կյանքի կոչելով՝ կնպաստի սպառողների շահերի պաշտպանությանն ու էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացմանը:
 
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի ընդունումը, ներկայացրել մի շարք առաջարկություններ, ներկայացրել տարբեր հարցերի վերաբերյալ մտահոգությունները:
 
Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդրական փաթեթը կնպաստի ոլորտի արտադրական կարողությունների արդյունավետ օգտագործմանն ու հավելել, որ օրենքների նախագծերը բխում են մեր ազգային տնտեսությունը մրցունակ դարձնելու հայեցակարգից: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից