Տեղի է ունեցել Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստը


Տեղի է ունեցել Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստը

  • 20-11-2017 19:47:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջույնի խոսքը՝  այստեղ: 

Բացման խոսքում Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը կարեւորել է հայ-բելառուսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը եւ անդրադարձել հատկապես ընդհանուր պատմական անցյալին: Նա խոսել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության վերաբերյալ եւ ընդգծել, որ նաեւ խորհրդարանական մակարդակում բելառուսական կողմը պատրաստ է քննարկելու երկկողմ օրակարգի բոլոր խնդիրները: Պարոն Պիրշտուկը կարեւորել է համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում՝ հումանիտար, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, տարածաշրջաննների միջեւ եւ այլն:

Հանձնաժողովի համանախագահն արգասաբեր աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին:

Օրակարգային առաջին հարցն առչվել է միջխորհրդարանական կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությանը:

Հայկական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանը, իսկ բելառուսական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Օլեգ Ռումմոն անդրադարձել են միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ԵԱՏՄ-ում երկկողմ համագործակցության խնդիրներին, դիտորդական առաքելությունների շրջանակում փոխգործակցությանը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային մարտահրավերներին, դրանց դիմակայելու ուղիներին: Հայկ Բաբուխանյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելու հետեւանքներին: Նա խոսել է նաեւ Ադրբեջանի «սեւ ցուցակի» մասին, որում հայտնվում են Արցախ այցելողները: Պարոն Բաբուխանյանն անթույլատրելի է համարել նման գործելաոճը:

Նիստի երկրորդ հարցն առնչվել է ԵԱՏՄ ձեւաչափում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին եւ համագործակցության հեռանկարներին: Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Վլադիսլավ Շչեպովը: Նրանք ներկայացրել են տնտեսության զարգացման դինամիկան երկու երկրներում եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Նշվել է, որ կողմերը շահագրգիռ են երկու երկրների շուկաներում իրենց ապրանքների ներկայացվածությամբ: Կողմերը կարեւորել են ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերը՝ արձանագրելով, որ առկա ներուժը լիարժեք չի օգտագործվում: Շեշտադրվել է երկու երկրների համագործակցության ներուժը առեւտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում: Քննարկվել է համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորության հարցը: 

Նիստի ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման համար կան դրական նախադրյալներ:

Որոշվել է ձեւավորել աշխատանքային խմբեր առեւտրատնտեսական եւ տեղեկատվական ու հումանիտար ոլորտներում համագործակցության կոնկրետ ուղիներն ու ծրագրերը քննարկելու նպատակով:

Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Մինսկում՝ 2018 թվականին: 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն