Հայաստանի ԱՆ 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով ՄՊՎ-ի դեմ պատվաստումների առնչությամբ հանրությունից թաքցնելու բան ունի (տեսանյութեր)


Հայաստանի ԱՆ 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով ՄՊՎ-ի դեմ պատվաստումների առնչությամբ հանրությունից թաքցնելու բան ունի (տեսանյութեր)

  • 21-11-2017 23:17:56   | Հայաստան  |  Իրավունք



ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ իր կայքում տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ «նախարարության կողմից շարունակվում են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իրազեկման աշխատանքներն ու հանրային քննարկումները հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Արդեն իսկ կայացել են հանդիպումներ պետական և մասնավոր հատվածի առաջատար մասնագետների և բուժաշխատողների, ինչպես նաև առանձին հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել խնդրով մտահոգ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:
Մենք նույնպես իրազեկված ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունում կայացել են հանդիպումներ պետական և մասնավոր հատվածի մասնագետների և բուժաշխատողների հետ, որոնց առաջատար լինել-չլինելու հարցում տեղյակ չենք ու չենք կարող հավաստել: Ավելին. մեզ հասած տեղեկատվության համաձայն, ՀՀ առողջապահության նախարարություն են հրավիրվել և նախարար Լևոն Ալթունյանի հետ անձամբ հանդիպել բազմաթիվ գինեկոլոգ-ուռուցքաբաններ, թե նրանց հետ նախարարն ի՞նչ է խոսել, ի՞նչ հարցեր կամ հրահանգներ է տվել, ի՞նչ է խնդրել, խորհուրդ տվել կամ պահանջել, առայժմ դեռ չգիտենք:
Ինչ վերաբերում է ԱՆ հրապարակած տեղեկատվության այն մասին, թե արդեն իսկ «առանձին հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել խնդրով մտահոգ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», ապա տվյալ խնդրով առավել մտահոգ, համենայն դեպս, այդ խնդիրը հրապարակային դաշտում բոլորից շուտ բարձրացրած և առավել ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ չի կազմակերպել: Թե ԱՆ պաշտոնյաները մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումների խնդրով մտահոգ փորձագետներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ե՞րբ և ո՞ւմ հետ են հանդիպել ու քննարկել խնդիրը, ինչպե՞ս և ինչո՞վ է արտահայտվել նրանց վերոնշյալ մտահոգությունը, նախարարությանն ուղղվելիք համապատասխան հարցմամբ կպարզենք առաջիկայում:
Նախարարության հրապարակած վերոնշյալ հայտարարության համաձայն, «Նոյեմբերի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N3, 2-րդ հարկ) նախատեսվում է հերթական աշխատանքային քննարկումը հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ: Նախարարությունը, կարևորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը, քննարկման է հրավիրում բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են խնդրով և կարծում են, որ կան պարզաբանման ենթակա հարցեր»: Այստեղ նկատելի է դառնում մեկ այլ ուշագրավ իրողություն. նախարարությունը մի կողմից քննարկման է հրավիրել բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են խնդրով և կարծում են, որ կան պարզաբանման ենթակա հարցեր, մյուս կողմից սահմանափակել է քննարկմանը մասնակցելու նրանց հնարավորությունը, այսինքն` պարզվում է, որ այդ «բոլոր»-ն այնքան էլ բոլոր չէ կամ բոլորին չի վերաբերվում…
«Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր վերջին 2 տարվա ընթացքում` թեկուզև 1 առաջարկությամբ կամ հարցմամբ, դիմել են առողջապահության նախարարություն, ինչն իր հերթին երաշխիք է, որ տվյալ կազմակերպությունը պաշտպանում է հասարակական շահը` կարևորելով մարդու առողջությունը,- նշված է նախարարության հիշյալ հայտարարության մեջ:- Նման ձևաչափ է ընտրված, որպեսզի մի կողմից բաց հրավերի ձևաչափով ապահովվի հնարավորինս լայն շերտերի ներգրավում, մյուս կողմից բացառվի այն կազմակերպությունների ու անհատների մասնակցությունը, ովքեր առաջնորդվում են ոչ թե առողջության պահպանման ազնիվ մղմամբ, այլ ակնհայտորեն այլ շահերով և երբևէ հետաքրքված չեն եղել առողջապահական խնդիրներով»:
Ակնհայտ չէ՞, որ հասարակության լայն շերտերին հետաքրքրող, բնակչության առողջությանը և անվտանգությանն անմիջականորեն առնչվող այդ կարևոր խնդրի քննարկումից տվյալ խնդրով մտահոգ, ավելին` որոշակի փաստեր, տագնապներ ու հարցեր ունեցող կազմակերպություններին ու անհատներին մեկուսացնելու, քննարկմանը նրանց մասնակցությունը չթույլատրելու արատավոր ու խայտառակ գործելակերպ է ընտրված, ընդ որում, շինծու, արհեստական և անհեթեթ պատճառաբանությամբ:
Հասկանալի է, որ երբ չկա որևէ իրական պատճառ` վերջին 2 տարվա ընթացքում թեկուզև 1 առաջարկությամբ կամ հարցմամբ նախարարությանը չդիմած կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների մասնակցությունը հիշյալ «հանրային» քննարկմանը չթույլատրելու համար, և նախարարության նպատակադրումը եղել է շինծու, արհեստական պատճառաբանությամբ նրանց մուտքը քննարկմանն արգելելը, նախարարության «ուղեղները» չէին կարող մտածել եղածից խելացի ու քննադատության դիմացող պատճառաբանություն:
Իրոք, եթե հիշյալ քննարկմանը մասնակցելու, իրենց մտահոգություններն ու տագնապներն արտահայտելու, հարցեր տալու ու դրանց պատասխանները ստանալու, ունեցած փաստերն ու պահանջները ներկայացնելու ցանկություն ունեցող որոշ կազմակերպություններ և անհատներ վերջին 2 տարվա ընթացքում թեկուզև 1 առաջարկությամբ կամ հարցմամբ չեն դիմել առողջապահության նախարարություն, ապա դա ի՞նչ հիմք է եզրակացնելու, որ նրանք առաջնորդվում են ոչ թե առողջության պահպանման ազնիվ մղմամբ, այլ ակնհայտորեն այլ շահերով և երբևէ հետաքրքված չեն եղել առողջապահական խնդիրներով:
Եթե որոշ կազմակերպություններ, անհատներ վերջին ոչ թե 2, այլ, ասենք, երկուսուկես տարվա ընթացքում են առաջարկությամբ կամ հարցմամբ դիմել առողջապահության նախարարություն, նշանակում է, որ նրանք առաջնորդվում են ոչ թե առողջության պահպանման ազնիվ մղմամբ, այլ ակնհայտորեն այլ շահերո՞վ… Նշանակում է, երբևէ հետաքրքված չե՞ն եղել առողջապահական խնդիրներով… Սա ի՞նչ անհեթեթություն է…
Հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունների անդամները կարող է առողջապահության նախարարություն ընդհանրապես որևէ հարցով դիմած չլինեն` մինչ այդ մտահոգության կամ տագնապի տեղիք տված որևէ բան տեսած չլինելով, հարցով կամ առաջարկությամբ դիմելու անհրաժեշտություն չունենալով, սակայն հիմա ունենալ ցանկություն հանրային քննարկմանն իրենց մտահոգությունները, տագնապներն արտահայտելու, ունեցած փաստերը ներկայացնելու, ի վերջո, քննարկմանը մասնակցելու, եթե այն իսկապես հանրային քննարկում է, ոչ թե շոու… Պետք է հաշվի առնվեր նաև այն, որ հասարակական կազմակերպությունը, քաղաքացիական նախաձեռնությունը կարող են նորաստեղծ լինել, ասենք, 1 տարվա կենսագրություն ունենալ և անցած ժամանակաընթացքում չարձանագրել որևէ խնդիր, որի առնչությամբ հարկ կար հարցմամբ կամ առաջարկությամբ դիմել նախարարություն:
Այս ամենից հետո իմաստազրկվում և արժեզրկվում, բոլորովին հավատ չի ներշնչում նախարարության հիշյալ հայտարարությունում առկա այն հավաստումը, թե «Նախարարությունը չի խուսափում քննադատությունից` ավելին, քաջ գիտակցում է, որ միայն առողջ քննադատության և երկխոսության միջոցով է հնարավոր գտնել դեպի առողջություն տանող ճանապարհը»: Ներող եղեք, բայց սա արդեն կեղծավորության է նմանվում… Եթե չի խուսափում, ուրեմն թող բոլոր ցանկացող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին թույլատրի մասնակցել հանրային քննարկմանը և իրենց ասելիքն ասել:
Ավելին. ինչպես տեղեկացա ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, նույնիսկ վերջին 2 տարում նախարարություն առաջարկությամբ կամ հարցմամբ դիմած հասարակական կազմակերպություններից և քաղաքացիական նախաձեռնություններից ընդամենը մեկական ներկայացուցիչ կարող է մասնակցել, ոչ ավելի: Թեկուզ ոտքի վրա կանգնելու պայմանով էլ չի կարող մասնակցել… Բայց եթե թեմայի ու խնդրի նրբությունն ու կարևորությունը նկատի ունենալով, հանրային քննարկմանը մասնակցելու ցանկությունը մեծ է, ինչը նախապես միանգամայն կանխատեսելի էր, ապա ո՞ւմ հոգսն ու պարտականությունն էր հանրային քննարկումն ավելի մեծ դահլիճում կազմակերպելը, եթե ոչ նույն նախարարության… Ի՞նչ է` Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) կողմից վերոնշյալ պատվաստման առնչությամբ հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներից դրանց համեմատ շա՜տ համեստ ֆինանսական միջոցներ չգտնվեցի՞ն` վաղվա հանրային քննարկման համար մեկ այլ տեղ նախարարության կոլեգիայի դահլիճից ավելի մեծ դահլիճ վարձակալելու համար… Թե՞ ավելի մեծաթիվ մասնակիցների մասնակցությամբ հանրային քննարկում կազմակերպելը պարզապես դուրս էր նախարարության նպատակներից ու պլաններից…
Իր հայտարարության վերջում նախարարությունը հանդես է եկել հետևյալ հետգրությամբ. «Առաջիկայում նախատեսվում է նաև հանրային քննարկում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ»: Սա նշանակում է, որ նախարարությունը չի նախատեսում վաղվա քննարկմանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցություն և խոստանում է, որ նրանց մասնակցությամբ առաջիկայում կազմակերպելու է ևս մեկ հանրային քննարկում: Սակայն, եթե այդ քննարկմանը, որը Ծաղկաձորում կազմակերպվելու է առաջիկա շաբաթ և կիրակի օրերին, մասնակցելու են միայն լրագրողներ, նախարարության ու նրան ենթակա կառույցների աշխատակիցներ, մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման գովքն ու «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդն անող, տվյալ պատվաստման ու պատվաստանյութի ամբողջական վտանգները, կասկածելի արդյունավետությունը թաքցնող մասնագետներ, այսինքն` այդ ամենը բացահայտող, համապատասխան փաստեր ունեցող ու դրանք ներկայացնող մասնագետները, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները չեն հրավիրվելու և մասնակցելու, ապա նախարարությունը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, չի կարողանալու տվյալ միջոցառումը ներկայացնել իբրև հանրային քննարկում, քանի որ դա ուղղակի կեղծիք կլինի:
Նախարարության հայտարարության մեջբերված հետգրությունը կասկածներ առաջացրեց, որ նախարարությունը դրանով լրագրողներին անուղղակիորեն հասկացնում է, որ նրանք վաղվա քննարկմանն ընդհանրապես հրավիրված չեն ոչ միայն մասնակցության, այլև ներկա լինելու և լուսաբանելու առումով: ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հետ հեռախոսազրույցս հաստատեց մեր այդ կասկածն ու մտահոգությունը: Ինչպե՞ս թե… ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է խախտե՞լ հանրային քննարկմանը ներկա գտնվելու և այն լուսաբանելու լրագրողների իրավունքը, գոնե պատկերացնո՞ւմ է այդ դեպքում իրեն սպասվող հետևանքները: Թե՞ հրավիրելու և հանրային քննարկումը լուսաբանելու հնարավորություն ընձեռելու է միայն այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք նախապես հրահանգված են ՄՊՎ-ի դեմ պատվաստման ու «Գարդասիլ»-ի գովքն անելու: Եթե հանրային քննարկումն ուզում է վերածել խայտառակ շոուի կամ սկանդալի, ինչպես վերջերս ՀՀ արդարադատության նախարարությունն արեց, կարող է այդպես վարվել:
Հասկանալով խնդրի նրբությունը, Լիլիթ Բաբախանյանը մանևրեց` կարող են ներկա լինել կամ թերևս կարող են ներկա լինել (այս առումով նրա ասածն այնքան էլ հստակ չէր) ԶԼՄ-ների այն ներկայացուցիչները, որոնք նախարարությունում հավատարմագրված են: Իսկ վաղը, եթե, այնուամենայնիվ, որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ներկա լինեն հանրային քննարկմանը, միայն հավատարմագրված լրագրողնե՞րն են լինելու… Մեկ առ մեկ բոլորի ինքնությունը կպարզենք: Կամ` մինչև հիմա նախարարության կազմակերպած հանրային քննարկումներին, նախարարությունում կազմակերպած այլ միջոցառումներին միայն ԱՆ-ում հավատարմագրված լրագրողնե՞րն են մասնակցել: Լիլիթ Բաբախանյանն այս հարցից հետո նեղն ընկավ ու չկարողացավ պատասխանել, ավելի ճիշտ, ասել ճշմարտությունը, քանի որ իրականում միայն հավատարմագրված լրագրողները չեն մասնակցել:
Վերջում վաղվա հանրային քննարկմանը լրագրողների ներկայության հնարավոր չթույլատրման կամ խոչընդոտման կապակցությամբ մեջբերենք ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը).
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:
 
Արթուր Հովհաննիսյան 
 
Եվս մեկ տեսանյութ` «Գարդասիլ»-ի վտանգավորության վերաբերյալ
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք