Ապագաղութացում կամ կյանքի ճանապարհի մեկնարկ. Վարուժան Ավետիսյանի հոդվածը


Ապագաղութացում կամ կյանքի ճանապարհի մեկնարկ. Վարուժան Ավետիսյանի հոդվածը

  • 22-11-2017 13:15:30   | Հայաստան  |  Վերլուծություն
«Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ անդրադառնում է Հայաստանի ապագաղութացումից ազատվելու ելքերին:
 
Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.
 
Ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու համար նախ հարկավոր է ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։
 
Այդ պատճառով հայության մոտակա գերնպատակը ապագաղութացումն է։
 
Ըստ այդմ՝ ապագաղութացման գաղափարը պետք է դառնա հայ քաղաքական դասին միավորող միջոց եւ ուղենիշ։ Նաեւ՝ կեղծն ու իրականը տարբերելու չափանիշ։
 
Ներկայացնում ենք ապագաղութացման վերաբերյալ մեր տեսակետներն արտահայտող՝ Վարուժան Ավետիսյանի «Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ» հոդվածը, որին կհաջորդի ապագաղութացման հիմնական եւ առաջնահերթ քայլերը լուսաբանող նրա հոդվածաշարը։
 
Ժիրայր Սէֆիլյան
 
Ապագաղութացում(Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ
 
Դարձյալ խոսք հայ երիտասարդությանը
 
Մաս 1-ին
 
Ազգի գոյությունը կյանք է դառնում, եթե ուղեկցվում է ազատությամբ եւ արժանապատվությամբ:
 
Ազատ եւ արժանապատիվ կյանքի ապահովման հիմնական պայմանը եւ միջոցը ազգային պետությունն է:
 
Օտար պետության ենթակա, այսինքն՝ գաղութացված, ազգերը հարատեւ ցեղասպանության ընթացքի մեջ են: Ցեղասպանության ձեւերը, մեթոդները, ծավալն ու տեմպերը տարբեր են լինում, սակայն հետեւանքը նույնն է:
 
Ազգային պետությունը՝ որպես որակ, ունի երկու հիմնական հատկանիշ՝ ազգային առաքելություն եւ իրավասուբյեկտություն:
 
Ազգային առաքելությունն առկա է, եթե պետությունը՝ որպես համակարգ, գործիք է դրա իրականացման համար:
 
Իրավասուբյեկտությունն առկա է, եթե պետությունն ունի տարածք, կայուն բնակչություն, արտաքին հարաբերությունների մեջ մտնելու կարողություն եւ յուրային (ոչ օտար) կառավարություն (պետական կառավարման համակարգ):
 
Ընդ որում, այս երկու հատկանիշները պետք է միասին առկա լինեն:
 
Իրավասուբյեկտությունը, մասնավորապես, ազգային պետության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
 
Հարկ է նկատի ունենալ, որ իրավասուբյեկտությունն ընդհանուր առմամբ տեսանելի է, իսկ առաքելությունը կարելի է միայն ըմբռնել:
 
Համամարդկային չափման մեջ հայության, կամ՝ Կոստան Զարյանի ոսկե բառերով ասած՝ հովիվների ազգի, արարատյան մարդկանց, առաքելությունը Կենաց իմաստության տարածումն է, իսկ քաղաքական համատեքստում՝ քաղաքակրթությունների ու տարածաշրջանների միջեւ կամուրջ-միջնորդ լինելը։
 
Իրավասուբյեկտությունը կորցնելուց հետո պետությունը զուգահեռաբար կորցնում է նաեւ առաքելությունը: Մինչդեռ առաքելությունը կորցնելուց հետո իրավասուբյեկտությունը կարող է երկար ժամանակ մնալ:Ճիշտ է, այն ի վերջո նույնպես կկորսվի, սակայն այդ գործընթացը կարող է անգամ դարեր տեւել, ինչպես եղել է Հայաստանի պարագայում:
 
Շուրջ 200 տարի առաջ հայության երեւելի դասը մեր քաղաքական ապագան կապեց Ռուսաստանի հետ:
 
Անկախ այդ ժամանակվա շարժառիթներից, կարող ենք  փաստել, որ այդ ընտրությունը եղել է «չարյաց փոքրագույն»-ի ընտրություն՝ ակնկալիք ունենալով խուսափել թյուրքական տիրապետությանը բնորոշ ոտնձգություններից, որոնք չեն եղել ռուսական տիրապետության պարագայում:
 
Այսինքն՝ եղել է ընտրություն հօգուտ առավել մեղմ ձեւերով ու մեթոդներով եւ ավելի նվազ ծավալով ու տեմպերով իրականացվող ցեղասպանության: Սակայն այս միայն թվացյալ ու արտաքուստ էր։ Ռուսական կայսրությունը բազմիցս եւ մինչ օրս Կովկասյան թաթարների ձեռքով է իրականացնում ցեղասպանության կարմիր տարբերակը։ Այսինքն՝ վիճակն ըստ էության չի փոխվել։ Ապացուցելու կարիք չկա, որ մենք դեռեւս չունենք ազգային պետություն, չունենք ազատ ու արժանապատիվ կյանք, այլ միայն գոյատեւում ենք՝ հետզհետե կուլ գնալով տարբեր ձեւերով, մեթոդներով, ծավալով եւ տեմպերով ընթացող ցեղասպանությանը:Արդարացի լինելու համար նաեւ արձանագրենք, որ ընթացքում եղել են նաեւ մասնակի վերելքի ու բարգավաճման ժամանակահատվածներ, սակայն դրանք չեն փոխել այդ ընթացքը, այլ միայն ռեսուրս, լիցք եւ խթան են դարձել հավանական կյանքի համար:
 
Առաջ անցնելով նաեւ կարող ենք առնվազն հիմնավոր կասկածի տակ առնել այդպիսի մոտեցումը, քանի որ, ինչպես ցույց է տալիս 200-ամյա ռուսական գաղութատիրությունը եւ հայության ու Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությունը, թյուրքական կոշտ ու արյունոտ տիրապետությունը ծնում է ինքնապահպանության մղում եւ դիմադրություն, մինչդեռ «քրիստոնեական եղբայրության» տակ քողարկված եւ «չարյաց փոքրագույն»-ի տրամաբանությամբ արդարացվող ռուսական տիրապետությունը բթացնում է ինքնապահպանական բնազդը՝ եւ դիմադրություն ծնելու փոխարեն հաճախ վերածվում է թմրեցման միջոցով արյունաքամության: Ավելին՝ ռուսական տիրապետության տակ հայտնված հայության մի զգալի մասն իր այդ արյունատվությունը հաճախ դրսեւորել է կամավորությամբ, երբեմն՝ նույնիսկ պաթոսով: Այս երեւույթին նպաստել է նաեւ ռուսական կայսերապետությանը բնորոշ մշակութային ձուլման քաղաքականությունը, որն առանձին քննության կարիք ունի:
 
Արեւելյան Հայաստանի մեծ մասը Ռուսաստանին անցնելուց հետո «չարյաց փոքրագույն»-ի ընկալումը հիմնականում զատվեց հայ-պարսկական հարաբերությունների բաղադրիչից եւ դարձավ ավելի պարզ ու միանշանակ՝ կայանալով ու կայունանալով ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձեւաչափում:
 
Ռուս-թուրքական երկընտրանքը հայության եւ Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսեւորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների ձեւաչափ է, որը պայմանավորված է թուրքական լծից ազատվելու համար ազգային պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ: Այն հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը եւ մեր շահերի հաշվին կատարվող ռուս-թուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ եւ վարքագիծ, ինչը հայկական կողմին զրկում է ազգային պետություն ստեղծելու, դրանով իսկ՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու եւ իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ ռուսական եւ թուրքական կողմերին էապես օժանդակում է իրենց շահերն ապահովելու հայության ու Հայաստանի հաշվին, ընդ որում՝ հայկական գործոնի կայացումը բացառող՝ իրենց համար առավել բարենպաստ տարածաշրջանային ճարտարապետություն ձեւավորելու տարբերակով:
 
Ռուս-թուրքական երկընտրանքի ձեւաչափից դուրս գալու եւ ազգային պետություն ստեղծելու հնարավորություն առաջացավ Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծմամբ: Սակայն Մեծ Եղեռնի, անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ այլ օբյեկտիվ պատճառներով հայության եւ նրա մանուկ Հանրապետության ուժը չբավարարեց ռուս-թուրքական ագրեսիային դիմակայելու համար: Ռուս-թուրքական դաշինքը զավթեց ու մասնատեց երկուսուկես տարի գոյատեւած պետությունը՝ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով հայության ու Հայաստանի հաշվին ձեւավորելով հայկական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետություն՝դրա համար երաշխիք դարձնելով նաեւ Արցախի եւ Նախիջեւանի օտարումը Հայաստանից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունից զրկելով եւ որպես վարչատարածքային միավոր Ռուսաստանին հանձնելով:
 
Որպես այս ամենի հետեւանք, մենք կրկին վերադարձանք ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձեւաչափի մեջ: Հայաստանը հայտնվեց մի գաղութային համակարգի մեջ, որի հենքը ռուս-թուրքական պայմանագրերով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան ռուսահպատակ վարչակազմը:
 
Վերջին անգամ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու եւ նշված գաղութային համակարգից ազատագրվելու (Armexit) ու ազգային պետություն կառուցելու հնարավորություն առաջացավ 1988թ.-ին սկսված Արցախյան ազատագրական պայքարի ու 1991թ. դեկտեմբերի 11-ին ԽՍՀՄ լուծարման շնորհիվ:
 
Արցախի տարածքի մի զգալի մասի ազատագրմամբ մասամբ խախտվեց ռուս-թուրքական դաշինքով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, այսինքն՝ մեզ տիրապետող գաղութային համակարգի հենքը՝ ստեղծելով նաեւ հաջողությունը զարգացնելով Նախիջեւանը հայկական վերահսկողության տակ առնելու եւ Կուր-Արաքսյան բնական միջակայքում ռուսական գաղութատիրությունից զերծ հայկական ազգային պետություն կառուցելու, որով՝ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու եւ մեր ազգային առաքելությունը վերաստանձնելու ու Հայրենիքին վերատիրանալու գործընթացի մեկնարկի, ազատ ու արժանապատիվ կյանքի հնարավորություններ:
 
Սակայն, լուծարվելիս, որպես ԽՍՀՄ 70 տարի գոյատեւած ռուսական կայսրությունը գործարկեց վերարտադրության մեխանիզմներ, ինչը կարճ ժամանակ անց վերածվեց կայսրությունը մի նոր ԽՍՀՄ-ի տարբերակով վերակենդանացնելու եւ այդ նպատակով նախկին ԽՍՀՄ հանրապետությունները վերագաղութացնելու ծրագրի:
 
Հայաստանի եւ հայության պարագայում մեր ազգային դիմադրողականությունը հաղթահարելու համար վերակենդանանալու ծրագիր ունեցող ռուսական կայսրությունը, որպես կատարածու ունենալով Հայաստանում կառավարման ղեկին գտնվող եւ քաղաքական դասի մեծամասությունը կազմող գործակալական (քաղաքական եւ ուղիղ առումներով) վերնախավին՝ պահպանեց Հայաստանը կառավարող գաղութային համակարգը եւ դրա միջոցով.
 
Արցախի ազատագրման պայքարը շեղեց նախապես հռչակված միավորման ուղուց եւ նրա անկախացման ու Հայաստանից տարանջատման միջոցով հարցական դարձրեց տարածաշրջանային ճարտարապետությունը փոխելու, դրանով իսկ՝ գաղութային համակարգի հենքը խարխլելու եւ գործոն դառնալու Հայաստանի հնարավորությունը, ինչպես նաեւ նախադրյալներ ստեղծեց Արցախն իր ձեռքն առնելու եւ որպես մանրադրամ Այսրկովկասին վերատիրանալու նպատակով օգտագործելու համար,
 
Հայաստանին մտցրեց Ռուսաստանի առանցքի շուրջն ստեղծվող վերպետական ու դաշինքային ձեւաչափերի (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) մեջ՝ էապես սահմանափակելով Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային ինտեգրման եւ գործընկերային ներուժի զարգացման հնարավորությունները՝ նրան փաստացի դարձնելով Ռուսաստանի կցորդ-պետություն,
 
ձեւավորեց Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող երկկողմ միջազգային պայմանագրաիրավական համակարգ,
 
Հայաստանի անվտանգային-պաշտպանական եւ տնտեսական ոլորտների, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների եւ պետական կառավարման համակարգի նկատմամբ հաստատեց փաստացի ռազմավարական կառավարում,
 
1988-94թթ. եւ հետագա ժամանակահատվածում չեզոքացրեց ազգային պետության կերտման ներուժ ունեցող քաղաքական, հասարակական եւ ռազմական գործիչներին,
 
ավարտին հասցրեց ռուսահպատակ, ստրկամիտ, նյութապաշտ, կամազուրկ, մտքով գաճաճ հայաստանյան (Արցախը ներառյալ) քաղաքական-կառավարչական դասի եւ նրա կորիզը կազմող գաղութային վարչակազմի ձեւավորումը,
 
գործուն աջակցությամբ որպես հանցավոր համագործակցություն կազմակերպված գաղութային վարչակազմին օգնեց.
 
ա)       ամբողջությամբ զավթելու պետությունը եւ այն վերածելու ռուսական գաղութատիրությունը ու նրան ծառայող այդ վարչակազմի վերարտադրությունն ապահովող գործիքի,
 
բ)         ստեղծելու իր Հայրենիքից հայության զանգվածային արտագաղթ պարտադրող իրավիճակ,
 
գ)         ստեղծելու բնակչության քանակի համեմատությամբ անհամաչափ ոստիկանական-ենիչերիական ուժ եւ այն անպատիժ կերպով կիրառելու երաշխիքներ:
 
Այս եւ այլ գործողությունների շնորհիվ Ռուսաստանը կարողանում է նաեւ պահպանել գաղութային համակարգի լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը եւ ապահովել հայության պետականազրկման, ցեղասպանության ու վերջնական հայրենազրկման գործիք գաղութային վարչակազմի վերարտադրությունը:
 
Դիտարկվող գործողությունների հետեւանքով առաջացած համակարգային ճգնաժամը էապես թուլացնում է ազգային դիմադրողականությունը եւ պայմաններ ու նախադրյալներ ստեղծում Հայաստանի վերջնական աբխազացման ու կլանման համար: Եթե դա տեղի ունենա, մենք կզրկվենք ազգային պետություն ստեղծելու, մեր Հայրենիքին վերատիրանալու եւ մեր առաքելությունն իրականացնելու, այդու՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու հեռանկարից եւ ոտք կդնենք վերջնական ուծացմամբ որպես ինքնություն վերանալու անդառնալի ճանապարհի վրա:
 
Վերացողի գոյավիճակից դուրս գալու եւ ազատ ու արժանապատիվ ազգային կարգավիճակ ձեռք բերելու համար հարկավոր է առաջին հերթին ապագաղութացվել՝ ազատագրվել ռուս-թուրքական երկընտրանքի վրա հիմնված ռուսական գաղութատիրությունից՝ քանդելով գաղութային համակարգը եւ կտրելով այն պորտալարը, որի միջոցով Ռուսաստանը կառավարում է Հայաստանին:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play