24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք սպանության համար․ՀՔԿ


24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք սպանության համար․ՀՔԿ

  • 22-11-2017 13:18:38   | Լոռու մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը:
2017 թվականի նոյեմբերի 19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 01:05-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1984 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում սպանությունը բացահայտվել է. պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
 
Նախնական քննության տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Նժդեհի 9 հասցեում գտնվող շենքի մոտ ավտոմեքենան կայանելուն խոչընդոտելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել 24-ամյա երիտասարդի և Քոչինյան եղբայրների միջև, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել վիճաբանությունը շարունակել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի արգելապատնեշի մոտ: Պայմանավորվածության համաձայն՝ հանդիպել են գործարանի մոտ, որտեղ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Վ.Քոչինյանի որովայնին։ Ստացած մարմնական վնասվածքից վերջինս մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք