Դադարեցվել են մանկաբարձ-գինեկոլոգի լիազորությունները․ՀՔԿ


Դադարեցվել են մանկաբարձ-գինեկոլոգի լիազորությունները․ՀՔԿ

  • 22-11-2017 16:16:06   | Հայաստան  |  Իրավունք

Որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը
 
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը:
2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ ծննդկանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ 32-ամյա կինը՝ առաջնածին ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան։ Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս  մանկաբարձ-գինեկոլոգների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկվել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ:
 Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ քննիչը նոյեմբերի 21-ին որոշում է կայացրել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Որոշումը, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք