Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը հագեցած կլինի վարպետության դասերով
22-11-2017 16:25:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում անցկացվող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, փառատոնի նախագահ էմմա Սարգսյանը ներկայացրել են փառատոնի նպատակներն ու այս տարվա ծրագրի մանրամասները: Ասուլիսին ներկա են գտնվել նաև փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող միջազգային գովազդային առաջատար ընկերությունների՝ Saatchi & Saatchi ընկերության բրենդի ռազմավարության պատասխանատու Շանթ Հալեբյանը, Standard Vision կազմակերպության փոխտնօրեն Քևին Բարթանիանը, Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Ամարալը և IKRA ստեղծարար մտածողության դպրոցի հիմնադիր Վասիլիյ Լեբեդևը:
Ներկայացնելով փառատոնի ընդհանուր ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնի հիմնական նպատակն է ներդնելով միջազգային փորձը՝ զարգացնել մայրաքաղաքում արտաքին գովազդի ոլորտը:
«Երևանի քաղաքապետարանն, անշուշտ, տարվա ընթացքում մշակում և կյանքի է կոչում գովազդային դաշտի արդիականացմանն ուղղված տարբեր ծրագրեր, սակայն փառատոնը ստեղծում է մի նոր հարթակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու ոլորտը՝ ապահովելով գովազդային արշավների բարձր որակ: Այդ նպատակով այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել փառատոնին երիտասարդների, մասնավորապես տարբեր բուհերի ուսանողների ներգրավմանը, ովքեր, վստահ եմ, այս օրերին նախատեսված միջոցառումների և վարպետության դասերի ընթացքում կլրացնեն իրենց փորձն ու գիտելիքների պաշարը»,- նշել է Արազ Բաղդասարյանը: