Արցախում հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի ռեկորդային՝ 16.5 տոկոս աճ է գրանցվել․«Արցախպրես»


Արցախում հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի ռեկորդային՝ 16.5 տոկոս աճ է գրանցվել․«Արցախպրես»

  • 22-11-2017 18:08:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ռեկորդային՝ 16.5 տոկոսով աճ է գրանցել և կազմել է 174.3մլրդ դրամ:
 

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 102.4 տոկոս՝ 2016թ.-ի 100.5 տոկոսի փոխարեն:

Նշված ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1190.9 հազ. դրամ (2467.7 ԱՄՆ դոլար կամ 2216.2 Եվրո):

ՀՆԱ-ի աճին հիմնականում նպաստել են տնտեսության հետևյալ ուղղությունները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը:

Մանսավորապես, նույն աղբյուրի հաղորդմամբ, հունվար - սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 65 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 64.5 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:

ԱՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 21.6%, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 51.2%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 26.2%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1 %:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 55.7 մլրդ դրամ, որը, 2016թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատությամբ, համադրելի գներով աճել է 9.9 տոկոսով:

Իսկ շինարարության ոլորտում նշված ժամանակամիջոցում հանրապետությունում իրականացվել է 33.2 մլրդ դրամի աշխատանք, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 25.7 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 27.4 մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 82.7 տոկոսը:

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում աճել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը)՝ կազմելով 18.4 տոկոս:

Artsakhpress.am

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը