Արթուր Գեւորգյան. AIBA-ի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2018 թ. հոկտեմբերին


Արթուր Գեւորգյան. AIBA-ի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2018 թ. հոկտեմբերին

  • 22-11-2017 19:50:09   | Հայաստան  |  Սպորտ

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նախագահ Չինգ-Կուո Վուն, որը ղեկավարում էր այս կազմակերպությունը 2006 թվականից, նոյեմբերի 20-ին կամավոր լքեց զբաղեցրած պաշտոնը:
 
«Ես կայացրել եմ այս որոշումը, հանուն բռնցքամարտի հանդեպ ունեցած սիրո: Այս քայլին գնում եմ ի շահ կազմակերպության եւ բռնցքամարտի»,- Չինգ-Կուո Վունի հայտարարությունը մեջբերում է AIBA լրատվականը:
 
Ավելի վաղ AIBA-ի գործադիր կոմիտեն մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ ֆինանսների հափշտակման, հեռացրել էր Չինգ-Կուո Վուին: Նախագահի կամավոր հրաժարականի դեպքում AIBA-ն համաձայն էր հետ վերցնել նրա դեմ հարուցված դատական հայցը: 71-ամյա թայվանցին հեռացել է նաեւ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեից:
 
AIBA-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է կազմակերպության փոխնախագահ Ֆրանկո Ֆալյչինելլին, որը ղեկավարում է նաեւ բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան (EUBC): Այս որոշմանը կողմ է քվեարկել AIBA-ի գործմոկի 17 անդամներից 15-ը:
 
ՀԱՕԿ լրատվականը Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին խնդրեց մեկնաբանել իրավիճակը: Իրադարձությունների ինչպիսի՞ զարգացումներ ակնկալել միջազգային բռնցքամարտում եւ ի՞նչ նշանակություն կունենա դա մեզ համար:
 
«Մեծ հաշվով դա մեզ համար ոչինչ չի նշանակում: Իրավիճակն արդեն որոշ ժամանակ է հասունանում էր: Հուլիսի վերջին AIBA-ի գործկոմի 13 անդամներ պահանջում էին Չինգ-Կուո Վուի հրաժարականը, առաջարկելով նրան զբաղեցնել պատվավոր նախագահի պաշտոնը: Տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Հունվարին Դուբայում կկայանա արտահերթ համաժողով, որտեղ ազգային ֆեդերացիաների ղեկավարների ներկայությամբ կքննարկվեն հետագա անելիքները: Այդ համաժողովում ընտրություններ չեն նախատեսվում»,-ասաց ՀԲՖ-ի նախագահը:
 
Արթուր Գեւորգյանը նշեց, որ AIBA-ի նոր նախագահի անունը հայտնի կդառնա 2018 թվականի հոկտեմբերին: Եթե, իհարկե այլ որոշում չկայացվի:
 
«Ինչպես հայտնի է, հաջորդ տարի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Հավանական թեկնածուները ժամանակ կունենան լավ նախապատրաստվելու ընտրություններին՝ ստանալու ազգային կոնֆեդերացիաների եւ ֆեդերացիաների աջակցությունը:
 
Ամենայն հավանականությամբ թափուր պաշտոնի համար կպայքարեն Ռուսաստանը, Ղազախստանը եւ մի շարք այլ երկրներ: Հետագայում մեր ֆեդերացիան կկողմնորոշվի՝ ում աջակցել՝ ելնելով կոնկրետ թեկնածուներից»,- նշեց ՀԲՖ-ի նախագահը:
Նոյյան տապան  -   Սպորտ