ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժ. Կոլոնի հետ


ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժ. Կոլոնի հետ

  • 22-11-2017 19:54:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 21-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով, աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է:
 
Այցի ընթացքում ԱԻ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի, Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական անվտանգության և ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրեն Ժակ Վիտկովսկու և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ:
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2014թ. մայիսի 15-ին ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ միջև ստորագրված Մտադրությունների նամակում սահմանված ոլորտներում համագործակցության և աշխատանքների ակտիվացումը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցել լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքների, անտառապատ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման գործընթացում անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման և փորձի փոխանակման շրջանակներում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նաև իրականացնել փորձի փոխանակում կամավորական փրկարարական շարժման հետագա զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցային կապերը ՀՀ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի և Աղետների բժշկության կենտրոնի հետ՝ մասնագիտական վերապատրաստումների, կոնֆերանսների, տեսակոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման, փոխայցելությունների միջոցով:
 
«Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Մետեո-Ֆրանս»-ի առաջադեմ փորձի կիրառության հնարավորությունները ՀՀ ԱԻՆ Հրդրոմետ ծառայության արդիականացման գործընթացում, ինչպես նաև՝ ծառայության անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները:
 
Հիշեցնենք, որ աշխատանքային այցի շրջանակում ԱԻ նախարարն այցելել է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Milipol Paris» 20-րդ ցուցահանդեսը, որն առաջին համաշխարհային ցուցահանդես-սրահն է և նվիրված է անվտանգությանն ու նորարարություններին: Ցուցահանդեսին առաջարկվում են նորագույն տեխնոլոգիաներ և ծառայություններ բազմաթիվ ոլորտներում. ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, սահմանների վերահսկողություն, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանություն, քաղաքային անվտանգություն, ռիսկերի կառավարման վերլուծություն և կիբերանվտանգություն և այլն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play