«Քարակերտ» քարաձուլման գործարանի գործարկումը կարժենա 5 մլն դոլար, փոխարենը կապահովի մինչև 3 հազար աշխատատեղ և տարեկան 100 մլն դոլարի չափով արտադրանք
22-11-2017 21:01:50 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանն ունի աշխարհում ամենաբարձրորակ պեռլիտի հսկայական պաշարներ, որոնք չեն օգտագործվում, մինչդեռ ոչ մետաղական հանքանյութերից հատկապես պեռլիտի մշակումը շատ արդյունավետ է, միջազգային շուկայում՝ մրցունակ և ապահովում է գերշահույթ»,- համոզված է «Քարակերտ» քարաձուլման գործարանի տնօրեն Սուրեն Գևորգյանը:
Ըստ նրա՝ դեռևս խորհրդային միության տարիներին Հայաստանից Ռուսաստան օրական արտահանվել է 70 վագոն պեռլիտ, որը ռուսներն օգտագործել են շինարարության ոլորտում:
«Սա մեր բրենդն է: Պեռլիտից կարելի է պատրաստել 100 տեսակ արտադրանք, որոնք մրցունակ են միջազգային շուկայում»,- նշեց Ս. Գևորգյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ հայաստանյան պեռլիտի հիմնական պաշարները գտնվում են Արագածում, սակայն այնտեղի հանքավայրը 1998 թվականին 28 տարով 1մլն 600 հազար դոլարի դիմաց շահագործման իրավունքով տրվել է ամերիկյան “Dicalite” ընկերությանը, ինչը նրա գնահատմամբ՝ հանցագործություն է:
Ս. Գևորգյանը հորդորում է պատկան մարմիններին դադարեցնել այդ ընկերության գործունեությունը, քանի որ Հայաստանն արդեն մուտք է գործել միջազգային շուկա և կարող է ինքնուրույն իրացնել պեռլիտի սեփական պաշարները:
Անդրադառնալով «Քարակերտ» քարաձուլման գործարանին՝ բանախոսը նշեց, որ 1974 թվականին կառուցված գործարանը 3 ամիս փորձարկվելուց հետո Ադրբեջանից գազի մատակարարման դադարեցման հետևանքով մինչ օրս չի գործում:
«1992 թվականին գործարանը հանձնվել է պետական հանձնաժողովին: Այստեղ պետք է բազալտ և պեռլիտ արտադրվեր, սակայն մինչ օրս կանգնած է»,- փաստեց Ս. Գևորգյանը՝ ընդգծելով, որ 95 տոկոսով պահպանված գործարանը հագեցած է եվրոպայում իր տեսակով բացառիկ թրծաթորման վառարաններով:
Գործարանի տնօրենը «Գյուտարարների ակումբ»-ում հյուրընկալված «Ազգային ավտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի միջոցով պատկան մարմիններին առաջարկեց միասնական ուժերով ներդրողներ գտնել և վերագործարկել «Քարակերտ»-ը:
Ս. Գևորգյանի վստահեցմամբ՝ գործարանի վերագործարկման համար 5 մլն դոլար է անհրաժեշտ, որից հետո հնարավոր կլինի ստեղծել մինչև 3 հազար աշխատատեղ և տարեկան ապահովել 100 մլն դոլարի չափով արտադրանք, որի 50 տոկոսը կլինի գործարանի շահույթը: