Ավարտին են մոտենում «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարության մշակման աշխատանքները


Ավարտին են մոտենում «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարության մշակման աշխատանքները

  • 23-11-2017 18:11:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը «Թվային օրակարգ» ռազմավարության մշակման ընթացքի և դրանից բխող՝  2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ էր: «Նախկինում անդրադարձել ենք թվային օրակարգի կարևորության  և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին։ Նշվածի շրջանակում ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները։ Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն առաջնահերթ է»,-նշել է վարչապետը։ 
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտի՝ թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ։ Հանձնարարվել է նաև 2-շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի Թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։ 
«Մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ ոլորտներում թվային գործիքների ներդրմանը՝ կառավարման փոխգործունակության պլատֆորմի և հանրային ծառայությունների կառավարման «մեկ պատուհանի» ներդրում, բնական ռեսուրսների և հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական (մասնավորապես` սոցիալական), համայնքային և այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում և դրա ենթակառուցվածքների ձևավորում,  տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ թվային միջավայրի ձևավորման շրջանակում՝ համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։
Կառավարության ղեկավարը  հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է  առաջարկությունները ստանալուն պես ամփոփել և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ։ 
Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականն իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ էր:  «2016 թվականի մարտ ամսին կառավարության կողմից հիմնադրվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը, որն իրականացնում է համապատասխան նախագծերի կարգավորման բնագավառների վրա ազդեցության գնահատումը, մասնավորապես՝ անդրադառնալով հիմնավորվածությանը, այլընտրանքային տարբերակների սահմանման, նախագծի ընդունման հետ կապված ծախսերի և օգուտների հաշվարկման հարցերին և, արդյունքում,  նախագիծը տրամադրելով մշակող մարմնին համապատասխան առաջարկություններ։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,-նշել է վարչապետը: Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է  գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքերում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ։ Հանձնարարվել է նաև 1-ամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել  «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի 2018 թ. տարեկան գործողությունների շրջանակում՝ կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության ծրագրով հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները։ Վարչապետն ընդգծել է, որ հիմնադրամն այն օղակն է, որը պետք է բոլոր ռիսկերը գնահատի և համապատասխան վերլուծություն տրամադրի:  Նա  կառավարության անդամներին առաջարկել է հստակ ձևակերպել իրենց այն առաջնահերթ խնդիրները, որոնց վերաբերյալ հիմնադրամը  պետք է վերլուծություն ներկայացնի:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն