Լոռու մարզում ևս կներդրվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծախսարդյունավետ ենթահամակարգ


Լոռու մարզում ևս կներդրվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծախսարդյունավետ ենթահամակարգ

  • 23-11-2017 18:15:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին:  Հիմնավորման համաձայն՝    մարզի 107 համայնքներից ներկայում աղբահանության ծառայություններ մատուցվում են ընդամենը 59 -ում: Ըստ այդմ, մարզում նախատեսվում է ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշներին բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես,  նվազեցնել և չեզոքացնել  մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական  ներգործությունը:  Ի պատասխան վարչապետի հարցի՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ բոլոր մարզերում այդ համակարգի ներդրումը նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում: 
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է  ՀՀ Արարատի մարզպետին օրենքով սահմանված կարգով լուծել մարզպետարանի և մի շարք ընկերությունների միջև կնքված պայմանագրերը: Հիմնավորման համաձայն՝ Արարատի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրագործման ուղղությամբ իրականացվելիք  ծրագրերի շրջանակում նախատեսվում էր հիմնանորոգել  Ավշար համայնքի մանկապարտեզը:  Մինչդեռ պարզվել է, որ մասնաշենքը հնարավոր չէ վերանորոգել և պետք է կառուցել նոր մասնաշենք:  Վարչապետը հորդորել է նվազագույնի հասցնել նման դեպքերը. «Որքանո՞վ ենք երաշխավորված, որ նման դեպքեր այլևս չեն լինի: Ինչ-որ աշխատանք ենք անում, գումարներ ծախսում ու հետո պարզում, որ աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է հետազոտել, թե որտեղ է եղել մեր բացթողումը, սխալը»:
Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումներ: ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերած հողամասում նախատեսվում է  կառուցել  համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետի Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ: Այն կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ:  Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել է խնդրի վրա, առաջարկել է հետևել  աշխատանքների ընթացքին, որպեսզի նոր շուկան ճարտապետական  ճիշտ լուծումներ ունենա:   
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքին նվիրաբերած տարածքն էլ կվերանորոգվի, որտեղ կտեղակայվեն համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը: Տարածքում նախատեսվում է նաև հիմնել  երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) և կառուցել մանկական խաղահրապարակ: 
 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
 
Կներդրվի առավել ճկուն և երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգ
Հավանության է արժանացել «ՀՀ բյուջետային  համակարգի  մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի նպատակը ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման և պետբյուջեի կատարման գործընթացներն առավել կանոնակարգված և ճկուն դանձնելու համար:  Այդ նպատակին հասնելու համար, նախագծերով առաջարկվում է օրենքով ամրագրել որոշակի կանոններ, որոնք կսահմանափակեն  առաջիկա տարվա պետական բյուջեի պակասուրդի մեծությունը կապիտալ ծախսերով, ինչպես նաև ընթացիկ ծախսերի աճը կախվածության մեջ կդնեն նախորդ տարվա արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերության փաստացի արձանագրված ցուցանիշի մեծությունից: Նախատեսվում է, որ սահմանափակումները չեն գործի բացառիկ դեպքերի առկայության պարագայում:
Նոր մոտեցումներ՝  ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով
Հավանություն է տրվել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթին: Հիմնավորման համաձայն՝ օրինագծերի փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը տրվել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստին: Հանձրարարվել էր քննարկել հարկային և մաքսային օրենսդրական դաշտի վերանայման այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ստվերային տնտեսությունները հարկային դաշտ բերելուն, սեփական եկամուտներն ավելացնելուն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում են նոր մոտեցումներ՝ տնտեսության մեջ առկա ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով: Մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներից իրականացվող ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների տեղափոխումն իրականացնել ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերի կիրառությամբ: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է 2018 թ. հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի կիրառության հետ կապված ապահովել օրենսգրքի և հարակից օրենքների, դրանց հասկացությունների, կարգավորումների ու հղումների համապատասխանեցումը, օրենսգրքով սահմանված նոր կարգավորումների սահմանումը հարակից օրենքներով:
Հավանության է արժանացել կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծի կարգավորման նպատակը մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը  օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաև տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով: Նախագծով, մասնավորապես, շահաբաժինների հարկման մասով առաջարկվում է` հարկել միայն  ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն: Վերոնշյալ երկու օրենսդրական նախաձեռնությունները կմիավորվեն և  ԱԺ կներկայացվեն մեկ փաթեթով: 
Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն միտված է բիզնես միջավայրի բարելավմանը, գործարարների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելուն: «Ավելին, մոտ ժամանակները մենք նորից քննարկելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և այլ գերատեսչությունների բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունները: Ամենակարևորը, որ ուզում եմ տեղյակ պահել գործընկերներին, այն է, որ բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ ՊԵԿ-ը հնչեցնում է խնդիրներ պոտենցիալ ոչ օրինապահ բիզնեսին օրինական դաշտ բերելու վերաբերյալ,  միշտ առաջնորդվել ենք հետևյալով՝ մերժվում են բոլոր այդ նախագծերն ու  առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել: Այսինքն՝ միակ չափանիշը մեզ համար բոլոր օրենքներում, նախաձեռնություններում այն է, որ օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նախատեսվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ հնարավորինս տեղեկացնել հանրությանը: 
Նախատեսվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը 
Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Արդյունքում ակնկալվում է բարձրացնել քննչական գործողությունների կազմակերպման արդյունավետությունը՝ վերացնելով առանց իրավաչափ նպատակի ընթերականեր ներգրավելու կարգավորումները: Նախագծով առաջարկվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը, որպես այլընտրանք նախատեսելով տեսաձայնագրառումը և մասնագետների կամ փորձագետների մասնակցությունը, ինչը կապահովի քննության արդյունավետությունը և օբյեկտիվությունը:  
Կբարձրանա բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը 
Հավանություն է տրվել նաև կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությանը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը: Արդյունքում՝ օրենքի որոշ դրույթներ կհամապատասխանեցվեն կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին: Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքը, մասնավորապես` այլ հավասար պայմաններում ապահովելով «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչով առաջընթաց` 53-ից 32-րդ տեղ:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի  վերաբերյալ: 
Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play