Կբարելավվի գործարար միջավայրը


Կբարելավվի գործարար միջավայրը

  • 23-11-2017 18:20:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարկային և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու՝ գործող մոտեցումները միասնականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հարկման նպատակով հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու հատկանիշ, հիմք է ընդունվելու հիմնական միջոցի մասի կամ բաղադրիչի փոխարինումը: Ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:
 
Գործադիրը հաստատել է արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը: Նախագծով առաջարկվում է կարգավորել արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ առկա՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկման ապահովմամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է նաև «Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը որոշելու առանձին հարցերի վերաբերյալ» որոշում: Արդյունքում կհաստատվեն ռոյալթիների հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն և մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ տրանսպորտայինը) առավելագույն սահմանաչափերը: 
Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան՝ կատարելով շուրջ 967 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում  2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play