Միջազգային փորձագետները խորհրդատվություն են տրամադրել սպանդանոց կառուցելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին


Միջազգային փորձագետները խորհրդատվություն են տրամադրել սպանդանոց կառուցելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին

  • 24-11-2017 13:10:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում սպանդանոցներ կառուցելու հայտ ներկայացրած տնտեսվարողներին: 
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համագործակցության շրջանակում նոյեմբերի 21-ին Հայաստան է հրավիրվել «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի (PUM) ավագ փորձագետ Սին վան Էյջհովենը: Նա և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հիգիենայի հարցերով փորձագետ Շեն Տանիսինոն հանդիպել են ՍԱՊԾ պաշտոնյաների հետ, փորձագետներին ներկայացվել է սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու կառավարության ծրագիրը, սպանդանոցային կարողություններն ու ոլորտում առկա անելիքները, քննարկվել են գործակցության հնարավորությունները: Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն փետրվարին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի հետ՝ տնտեսավարողներին շարունակական խորհրդատվություն տրամադրելու և միջազգային փորձին ծանոթացնելու համար:
          Նոյեմբերի 23-ին փորձագետներն առաջին հանդիպումն են ունեցել փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ, դասընթաց անցկացրել նրանց համար՝ ներկայացնելով սպանդանոցների կառուցման մի քանի տարբերակներ և  նվազագույն ծախսերով միջազգային պահանջներին համապատասխանող սպանդանոց հիմնելու հնարավորությունները:
         «Փոքր-ինչ զարմացած եմ հանդիպումից, տնտեսվարողները բավականաչափ տեղեկացված էին: Նրանց հետ քննարկել ենք ժամում մինչև 20 գլուխ կենդանիների մորթի կարողությամբ սպանդանոցների մոդելները: Շարունակելու եմ խորհուրդներով օգնել նրանց, ցանկացած պահի, երբ որ ինձ դիմեն»,-ասում է Սին վան Էյջհովենը:
  Այցի ընթացքում փորձագետները ծանոթացել են նաև գործող սպանդանոցների հնարավորություններին, Կոտայքի մարզի Արամուս գյուղում նրանք այցելել են անհատ ձեռնարկատեր Կարինե Առաքելյանին պատկանող սպանդանոց: Արտադրական հզորությունը թույլատրում է օրական 7-8 գլուխ տավարի մորթ իրականացնել, միսն առայժմ միայն տեղական շուկայում է իրացվում: Սպանդանոցային տարածքում շինարարություն է ընթանում, որի ավարտից հետո՝ մոտ մեկ ամսից սպանդանոցային հզորությունը կավելանա մի քանի անգամ:         
    «Արդեն ձեռք ենք բերել անհրաժեշտ սարքավորումները, նախատեսում ենք, որ նոր հնարավորությունները թույլ կտան 8 ժամում 650 գլուխ մանր եղջերավոր կենդանու մորթ իրականացնել: Գործընկերներ ունենք Իրանում, միսն արտահանելու ենք», -ասում է սպանդանոցի տնօրեն Մելսիկ Հայրապետյանը:
      Սպանդանոցի հզորությունների մեծացումը հնարավորություն կտա նաև ավելացնել խոշոր եղջերավոր կենդանիների մորթի քանակը. 8 ժամում ՝ 50-60 կենդանի, բացի այդ՝ ընդլայնված արտադրամասում կսկսեն իրականացնել նաև խոզերի մորթ:
 
        Հոլանդացի փորձագետը համարում է, որ ներկայացված սպանդանոցի տեխնիկական հնարավորություններն ու մոդելը լավն են, կարելի է եղած փորձը մյուս սպանդանոցներում էլ կիրառել:
       «Շատ տպավորված եմ, սպասում էի շատ բան տեսնել բայց ոչ այս մակարդակի, շատ լավ է: Այս սպանդանոցը կարող եք օրինակ վերցնել ու բարելավել հանրապետության սպանդանոցային կարողությունները»:
       Փորձագետները ՍԱՊԾ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են նաև Արագածոտնի մարզում նոր կառուցվող «Թալին սլոթըրի հաուս» ՍՊԸ-ի սպանդանոց: Ձեռնարկատեր Բաբկեն Հարոյանը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ֆինանսական աջակցությամբ սկսել է նոր սպանդանոցի կառուցում: Հոլանդական փորձագիտական խմբի ավագ փորձագետը ներկայացրել է սպանդանոցի տարածքին առավել հարմար շինարարական լուծումները, խուրհուրդ տվել, թե ինչ տեխնիկա ձեռք բերել: Հիգիենիկ հարցերով փորձագետն էլ առանձնացրել է «Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի» համակարգի (HACCP) կարևորությունը, պետք է հաշվի առնել նաև մարդկային գործոնը և անընդհատ վերապատրաստել աշխատակիցներին: Նա կօգնի տնտեսվարողներին սանիտարահիգիենիկ հարցերի մասին խորհրդատվությամբ: Հայաստանում ճապոնացի փորձագետը կլինի մինչև դեկտեմբերի 13-ը:
 
           Նախատեսվում է, որ Հայաստանը, փուլային տարբերակով, գալիք տարում ամբողջությամբ կանցնի սպանդանոցային պարտադիր մորթի: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տարբեր ձևաչափերով մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի տնտեսվարողներին՝ հանրապետության ամբողջ տարածքը սպանդանոցային ցանցով ապահովելու նպատակով:
 
 
  
                        ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play