Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության ամփոփիչ հռչակագիրը. Սերժ Սարգսյան.tert.am


Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության ամփոփիչ հռչակագիրը. Սերժ Սարգսյան.tert.am

  • 24-11-2017 15:07:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը: Բրյուսելում այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվում է Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը:
 
«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք:  Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ Նախագահը:
 
Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, ՀՀ Նախագահը պատասխանել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք մեր հարաբերությունները»:
 
Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: ՀՀ Նախագահի խոսքով` հայկական կողմից սա  ամբողջովին բավարարում է:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը