Գիտաժողովը կնպաստի մայրական և մանկական առողջության բարելավմանը


Գիտաժողովը կնպաստի մայրական և մանկական առողջության բարելավմանը

  • 24-11-2017 15:32:25   | Հայաստան  |  Հասարակություն

Ողջունելով «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ գիտաժողովի հիմնական թիրախը` մայրական և մանկական առողջության բարելավումը, համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներին։
 
«Ամբողջ աշխարհում մայրական և մանկական մահացության ցուցանիշները որոշակիորեն արտացոլում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական նկարագիրը»,-ասել է նախարարը` հավելելով, որ դա համահունչ է նաև մեր երկրի նախագահի կողմից բարձրաձայնած` ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին բնակչության թիվն առնվազն 4 միլիոնի հասցնելու նպատակին։ Այս ենթատեքստում նա խիստ արդիական է համարել գիտաժողովի կազմակերպումը։
 
Փաստելով, որ Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների էական բարելավում է արձանագրվել` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ 2017թ. գրանցվել է մայրական մահացության 2 դեպք, որից մեկը` ոչ մանկաբարձական։
 
«Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ ֆինանսական սուղ միջոցներով կարելի է արդյունավետ կառավարման և նվիրվածության շնորհիվ հասնել լավ ցուցանիշների»,-ասել է նախարարը և, օգտվելով առիթից, իր շնորհակալությունն է հայտնել բոլոր նվիրյալներին, ովքեր իրենց ներդրում ունեն այդ կարևոր գործում։
 
Լևոն Ալթունյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք, բարձր տրամադրություն և մասնագիտական հետագա հաջողություններ։
 
Բժշկագիտության խիստ արդիական թեմային վերաբերող գիտաժողովի կարևորությունն ընդգծել են նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Ռազմիկ Աբրահամյանը։
 
Բոլոր բանախոսները շեշտել են, որ Ֆրանսիայից, Իսրայելից, Ռուսաստանից ժամանած մեծ համբավ ունեցող կլինիցիստ-գիտնականների մասնակցությունը կնպաստի Հայաստանում պերինատալ ծառայության բարելավմանը։
 
Կարևոր թեմայի շուրջ գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Ջավախքի մեծաթիվ մասնագետներ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play