Մեր բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը. Բակո Սահակյան


Մեր բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը. Բակո Սահակյան

  • 24-11-2017 16:15:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ:
 
Ուղերձում ասված է.
 
«Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ Մայր Հայաստանում, Սփյուռքում և Արցախում,
Թանկագի՛ն հայրենակիցներ,
 
Այսօր բոլորս կրկին միասնական ջանքերով պետք է մեկնարկ տանք Արցախի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի՝ ուղղված խորքային հորերի հորատմանը, ոռոգման ցանցերի կառուցմանը և արևային էներգիայի համակարգերի ներդրմանը:
Դրանց հաջող ու արդյունավետ իրականացման արդյունքում նոր որակ կհաղորդվի մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հանրապետության անվտանգության ամրապնդմանը:
Ժամանակակից ոռոգման համակարգ ունենալը հնարավորություն կտա նշանակալիորեն ավելացնել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, ավելի խնայողաբար օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը՝ մշտական ու երաշխավորված աշխատատեղեր ստեղծելով շրջաններում:
 
Այն թույլ կտա ապահովել պարենային անվտանգության բարձր մակարդակ, մեծացնել և ընդլայնել Արցախից արտահանվող ապրանքների ծավալն ու տեսականին:
Ինչ վերաբերում է արևային էներգիայի ներդրմանը, ապա սա նոր ուղղություն է մեր երկրի համար, որը, բնականաբար, որևէ վտանգ չի ներկայացնում բնությանն ու շրջակա միջավայրին, ունի տնտեսական առավելություններ էներգիայի ավանդական տեսակների համեմատ և կարևոր դերակատարություն կունենա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Արցախում կան խոստումնալից հեռանկարներ էներգետիկայի այս ուղղությունը զարգացնելու համար:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
 
Մեր բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, և յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անի այն էլ ավելի ամրապնդելու համար:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնները մեր համազգային ներուժը կոնկրետ ծրագրերի ուղղելու կարևոր հարթակներից են, որոնք իրենց արդյունավետությունը ապացուցում են արդեն քառորդ դար: 
 
Համոզված եմ, որ այս անգամ ևս մենք կցուցաբերենք միասնականություն ու պատրաստակամություն համատեղ ջանքերով Արցախը շենացնելու և զորացնելու գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կարևոր այս միջոցառմանը մասնակցելու համար:
 
Աշխարհասփյուռ հայությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն