Հայաստանում կոմպլեմետարիզմն ավարտվեց՝ իր տեղը զիջելով պարզ և բազմավեկտոր քաղաքականությանը․ (Տեսանյութ)


Հայաստանում կոմպլեմետարիզմն ավարտվեց՝ իր տեղը զիջելով պարզ և բազմավեկտոր քաղաքականությանը․ (Տեսանյութ)

  • 27-11-2017 16:16:12   | Հայաստան  |  Քաղաքական



 
Հայաստանում կոմպլեմետարիզմն ավարտվեց՝ իր տեղը զիջելով պարզ և բազմավեկտոր քաղաքականությանը: 
 
Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ անդրադառնալով  եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն վեկտորների համատեղմանը: 
 
Ըստ նրա՝ բազմավեկտոր քաղաքականություն այսօր վարում են շատ երկրներ՝ փորձելով հավասարակշռել Արևմուտքի և Ռուսաստանի հետ իրենց ունեցած փոխադարձ հարաբերությունները: 
 
Ա. Սաֆարյանի փոխանցմամբ՝ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ-ը Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ վերջին երկու ամիսների ընթացքում անցկացրել է ընթացիկ քաղաքական հետազոտություն՝ ուսումնասիրելով եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն վեկտորների համատեղման դեպքում Հայաստանի առջև կանգնած արդիական հիմնախնդիրները: 
 
«Մեր անցկացրած հետազոտության արդյունքում արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները Եվրոպական միության հետ համապարփակ և խորացված համագործակցության են գնացել՝ նկատի ունենալով, որ այն որևէ կերպ չի հակասում Ռուսաստանի հետ ունեցած դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին»,- նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ Հայաստանը տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակում պետք է կարողանա ճիշտ հարաբերություններ կառուցել ժամանակակից աշխարհի և ուժային հիմնական կենտրոնների հետ: 
 
Ա. Սաֆարյանի խոսքերով՝  Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանում պետք է հանգեցնեն ներդաշնակության, այլ ոչ թե թշնամանքի կամ լրացուցիչ լարվածության՝ միաժամանակ պարտավորեցնելով Հայաստանին լինել բաց, կանխատեսելի գործընկեր, ունենալ թափանցիկ քաղաքականություն բոլորի նկատնմամբ: 
 
Նրա փոխանցմամբ՝ հետազոտությունների արդյունքները նաև ցույց են տալիս, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա քաղաքական հակասությունը սկսել է կրել քաղաքակրթական հակամարտության և արգելամիջոցների պատերազմական բնույթ, և որ այդ հակասությունը չափազանց խորն է և դեռ երկար ժամանակ պահպանվելու է՝ կրելով ծայրահեղ բարդ, անհաշտ ու մրցակցային բնույթ: 
 
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան համաձայնագրին՝ Ա. Սաֆարյանը նկատեց, որ որոշ դրույթներ լրացուցիչ մեկնաբանությունների և բացատրությունների կարիք ունեն, մասնավորապես, կապված հայկական ատոմակայանի հետ: 
 
«Հայաստանը և ԵՄ-ն տարակարծություն չունեն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ունենալ էկոլոգիապես մաքուր, տնտեսապես շահավետ, գործընկերների համար հասկանալի և կանխատեսելի էներգետիկա»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ դեռևս 2008 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն կոչը, թե Հայաստանում նոր ատոմակայան պետք է կառուցվի, ավելի քան ակտուալ է: 
 
Ա. Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանում նոր ատոմակայանի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը պետք է դարձնել ազգային գաղափարախոսություն, որն իրականություն դարձնելու համար պետք է ակտիվորեն շահագրգիռ գործընկերներ փնտրել: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play