Վրաստանը հրաժարվում է Կարս-Ախալքալակ-Բաքու նախագծից


Վրաստանը հրաժարվում է Կարս-Ախալքալակ-Բաքու նախագծից

  • 27-11-2017 20:07:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Վրաստանում նոյեմբերի 28-29-ին տեղի է ունենալու «Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ» համաժողովը, որը լինելու է բավական ներկայացուցչական: Ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության, որին հղում է անում Ալիք-մեդիան, համաժողովին կմասնակցի մոտ 60 երկրից 2000 պատվիրակ, որոնք կներկայացնեն 500 միջազգային ընկերություն:
 
Վրաստանը նրանց առաջարկելու է իր տրանսպորտային հնարավորությունը, հեռանկարը, ներուժը, որով Չինաստանը կարող է կապել Եվրոպայի հետ: Մետաքսի ճանապարհը Չինաստանի մեծ նախագիծն է, որ Պեկինը փորձում է դարձնել իրականություն եւ դրա համար նախատեսում է մոտ 100 միլիարդ դոլարի ներդրումային բազա:
Վրաստանը փորձում է աշխուժորեն գտնել իր տեղը չինական այդ մեծ նախագծում:
Ընդ որում, ուշագրավ է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մի պարբերություն, որ մեջբերում է Ալիք-մեդիա հայալեզու առցանց գործակալությունը: «Նշանակալի է Վրաստանի աշխարհքաղաքական դիրքը, որն ամենակարճ ճանապարհն է Չինաստանի և Եվրոպայի միջև: Այսօր ցամաքային տրանսպորտով Արևելյան Ասիայից մինչև Վրաստան կարելի է հասնել մինչև 10 օրում, իսկ եվրոպական որևէ նավահանգիստ՝ 5 օրում», ասված է հայտարարությունում:
Հետաքրքիր է այն, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը Չինաստանը Եվրոպային կապող երթուղին դիտարկում է վրացական ծովափով, ինչը դե ֆակտո ենթադրում է հրաժարում Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղային նախագծից: Թբիլիսին փաստորեն խոսում է Չինաստանից Վրաստան, իսկ հետո եվրոպական նավահանգիստ հասնելու երթուղու մասին:
Այդ հանգամանքը ուշագրավ է մի քանի առումով: Նախ, Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղին, որի բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին Բաքվում, բավական հարցեր է առաջացրել Վրաստանում: Մի շարք փորձագետներ համարում են, որ երկաթուղին մրցակից կլինի վրացական նավահանգիստներին, քանի որ բեռները Եվրոպա կգնան երկաթուղով՝ Թուրքիայի միջոցով:
Փաստորեն, Թբիլիսին Մետաքի ճանապարհ համաժողովի մասնակիցներին առաջարկում է իր նավահանգիստները, որպես ավելի կարճ ճանապարհ դեպի Եվրոպա, ինչով թերեւս փորձում է ցույց տալ, որ ամենեւին չի պատրաստվում զիջել «առաջնայնությունը» թուրքական երթուղուն: Այստեղ իհարկե ուշագրավ ազդակը կամ  հաղորդագրությունն այն է, որ Թբիլիսին հայտարարում է ինքնուրույն տրանսպորտային քաղաքականություն վարելու հաստատակամության մասին, ցույց տալով, որ Կարս-Ախալքալակ-Բաքու ադրբեջանական նախագծին միանալը չի ենթադրելու տրանսպորտային քաղաքականության ենթարկում այդ տրամաբանությանը:
Վրաստանի այդ մոտեցումը կարեւոր է Հայաստանի շահի տեսանկյունից: Ոչ միայն այն պատճառով, որ Վրաստանով է անցնում Հայաստանի ճանապարհը դեպի հյուսիս՝ Ռուսաստան, ու դեպի Եվրոպա: Բանն այն է, որ Մետաքսի ճանապարհի չինական նախագծի դիտարկվող երթուղիներից մեկը Հայաստանն է՝ Իրանով: Վրաստանի տրանսպորտային քաղաքականության վրա Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցությունը կարող է լինել լուրջ խնդիր, որ Մետաքսի ճանապարհը Վրաստան հասնի նաեւ հարավից, ոչ միայն արեւելքից: Բացի այդ, կարող է խոսք լինել այսպես ասած «փոքր Մետաքսի ճանապարհի» մասին, որպիսին հնարավոր է բնորոշել Իրանի գաղափարը՝ Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու մասով: Իսկ այստեղ ամենակարճ եւ թերեւս քաղաքականապես ամենաշահեկան երթուղին Հայաստան-Վրաստան երթուղին է: Ահա այդ հարցում նույնպես կարեւոր է Վրաստանի ինքնուրույն տրանսպորտային քաղաքականությունը: Ի վերջո, այդ հանգամանքը կարեւոր է նաեւ դեպի Ռուսաստանի հաղորդակցությունների բացումով, որի վերաբերյալ կա բանակցություն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ:
Խոսքը վերաբերում է 2011 թվականին կնքված ճանապարհային կամ առեւտրային միջանցքների մասին ռուս-վրացական համաձայնագրի իմպլեմենտացիային, որի շուրջ վերջին ամիսներին կողմերն անում են դրական հայտարարություններ: Իհարկե, դրան զուգահեռ, Վրաստանի բանակցող նախարար Աբաշիձեն հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ունենալ առեւտրային այդ միջանքցենրից օգտվելու եւ Ռուսաստան բեռներ տեղափոխելու հույս: Սակայն վրաց նախարարի այդ հայտարարությունը թերեւս ավելի շատ հուսադրող հեռանկար կարող է պարունակել Հայաստանի համար, քան առաջին հայացքից հակառակ թվացող տարբերակը: Այստեղ պարզապես կա նրբերանգ, որի մասին ներկայում խոսելը գուցե այնքան էլ չի բխում Հայաստանի շահից:
Կլինի՞ ռուս-վրացական պայմանագրի իմպլեմենտացիա, թե ոչ: Դա ինքնին հարց է, հաշվի առնելով կողմերի միջեւ քաղաքական հարաբերությունը: Մյուս կողմից, այդ պայմանագիրը կնքվել է ռուս-վրացական պատերազմից հետո, հետեւաբար կողմերը միմյանց թերեւս հաշիվ տվել են այն կնքելուց առաջ: Առավել եւս, որ իրավիճակը տարածաշրջանում զարգանում է այն տրամաբանությամբ, որ թե Վրաստանին, թե Ռուսաստանին, իհարկե տարբեր մոտիվներով, բայց գործնականում անհրաժեշտ է դառնում առավել լիարժեք շփումների օրակարգը, հաշվի առնելով նաեւ նոր ռազմա-քաղաքական իրողությունները, որ կան տարածաշրջանում:
Այդ ամենն անկասկած դյուրին գործընթաց չէ, սակայն դարձյալ սկզբունքային է այն, որ Վրաստանը տրանսպորտային քաղաքականության հարցում լինի ինքնուրույն եւ չենթարկվի այն տրամաբանությանը, որ կփորձեն առաջ մղել Թուրքիան եւ Ադրբեջանը: Ընդ որում, նրանց հետ տնտեսական շահավետ գործակցությամբ հանդերձ, Թբիլիսին լավ է պատկերացնում, որ գործուն թե տնտեսական, թե նաեւ քաղաքական հակակշիռների բացակայությունը թուրք-ադրբեջանական տանդեմին տնտեսական արդյունավետ գործընկերոջից ժամանակի ընթացքում կվերածի ազգային անվտանգությանը սպառնացող հրեշի:
Ի՞նչ մակարդակով է Հայաստանը մասնակցելու վրացական համաժողովին, եւ ի՞նչ տրանսպորտային առաջարկներով կարող է Երեւանը հանդես գալ թբիլիսյան հարթակում:
Այդ տեսանկյունից, դժբախտաբար, Հայաստանի այսպես ասած «թղթապանակը» բավական աղքատ է: Բարեբախտաբար, նոյեմբերի 24-ին այն համալրեց ԵՄ հետ համաձայնագիրը, թեեւ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման գործընթացի պերճանքի եւ թշվառության ֆոնին խամրում է ցանկացած համաձայնագիր:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն