Կարեն Կարապետյանի հրաժեշտի հարցազրույցը


Կարեն Կարապետյանի հրաժեշտի հարցազրույցը

  • 27-11-2017 20:11:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին, որում նշմարվում են ուշագրավ տողատակեր: Հարցազրույցն ինքնին ուշագրավ է իր այսպես ասած մարդկային բնույթով: Այսինքն, վարչապետի բացառիկ հարցազրույցը առնչվում է ոչ թե նրա անմիջական պաշտոնեական գործունեությանը, խնդիրներին, տնտեսական եւ քաղաքական հեռանկարներին, այլ Կարեն Կարապետյանի կենսագրությանն ու մարդկային նկարագրին:
 
Խոշոր հաշվով, հարցազրույցն ավելի բնորոշ է նախընտրական տրամաբանությանը, քան խորհրդարանի ընտրությունից հետո բավական բարդ տնտեսական եւ քաղաքական իրավիճակում գործող վարչապետի կարգավիճակին: Սակայն, դրանով հանդերձ, այդ տրամաբանությունը կամ էներգետիկան թողնում են հրաժեշտի հարցազրույցի տպավորություն, կամ այսպես ասած հրաժեշտի մեկնարկի տպավորություն:
Միեւնույն ժամանակ, շրջանը խոշոր հաշվով ոչ դե յուրե, բայց դե ֆակտո նախընտրական է: Մի քանի ամիս անց Հայաստանի կառավարությունը հրաժարական է տալու, երբ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին վայր դնի նախագահի լիազորությունը: Հայաստանը լիարժեք անցնում է խորհրդարանական կառավարման, եւ պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որի վարչապետին պետք է ընտրի խորհրդարանի մեծամասնությունը:
Իրականում անշուշտ խորհրդարանն ընդամենը դակելու է վարչապետի վերաբերյալ ՀՀԿ պոլիտբյուրոյի՝ գործկոմի որոշումը: Ում է ընտրելու ՀՀԿ գործկոմը, կամ ու՞մ է առաջարկելու վարչապետ: Այստեղ հիմնական շրջանառու անունները երեքն են՝ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան եւ Վիգեն Սարգսյան: Ընդ որում, Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը թերեւս մեկ փաթեթի կամ մեկ «լակմուսի» տարբեր երեսներն են:
ՀՀԿ մեծամասնությունը ներկայում պնդում է, որ իրենց առաջնորդը եղել եւ մնալու է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը օրերս կատարեց իր իշխանության եւ քաղաքական պլանների համար թերեւս կարեւորագույն քայլերից մեկը, ստորագրելով ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը: Ընդ որում, ուշագրավ հանգամանք է այն, որ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույցը հրապարակվում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումից հետո: Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանն իբրեւ Սերժ Սարգսյանի հանդեպ առավելություն դիտարկում կամ փայփայում էր համաձայնագրի հնարավոր ձգձգման հույս, ակնկալիքով, որ Բրյուսելում ի վերջո գուցե հենց իր հետ կկապվի այդպիսի մի փաստաթուղթ ստորագրելու ակնկալիք:
Միեւնույն ժամանակ, շաբաթներ առաջ, բանակի տարկետման աղմկոտ թեմայի շրջանառության ընթացքում, հետաքրքիր հայտարարություն արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ասելով, որ Վիգեն Սարգսյանը առաջնորդ գործիչ է եւ պատահական չէ, որ գլխավորել է ՀՀԿ ցուցակը նախընտրական շրջանում, եւ նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ստացել է կայուն մեծամասնություն:
Վահրամ Բաղդասարյանն անկասկած գիտեր, որ նախընտրական շրջանում ՀՀԿ դե ֆակտո առաջին դեմքը Կարեն Կարապետյանն էր, եւ դա իմանալով հայտարարում է, որ Վիգեն Սարգսյանի առաջնորդությամբ է ՀՀԿ-ն կազմել կայուն մեծամասնություն:
Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ ՀՀԿ մեծամասնությունը հանդես է գալիս Սարգսյան վարչապետի օգտին՝ անունը լինի Սերժ, թե Վիգեն: Ի վերջո, դա մեկ փաթեթ է:
Այստեղ է, որ Կարեն Կարապետյանի «մարդկային» հարցազրույցը դառնում է ուշագրավ, երբ հանրությունը նրանից ունի ավելի շատ աշխատանքային՝ տնտեսա-քաղաքական պատասխաններ ստանալու կարիք:
Բայց Կարապետյանն այդտեղ առկա պատասխանների հարցում բարդ կացության մեջ է: Նա կամ իրերը պետք է կոչի իրենց անուններով եւ մերկացնի կառավարման համակարգը, համոզիչ բացատրելու համար, թե որն է ներկայիս վիճակի ու փոփոխությունների դանդաղ ընթացքի պատճառը, կամ նրա պատասխանները եւ բացատրությունները հանրության վրա այլեւս չեն թողնի, եւ արդեն չեն թողնում որեւէ տպավորություն:
Մնում է Կարապետյանի մարդկային հմայքը, նկարագիրը, եւ այդ տեսանկյունից չափազանց խոսուն տողատակով է լեցուն հարցազրույցի նրա պատասխաններից մեկը. «Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջեւ մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբեւէ տեսախցիկի առջեւ չեմ ասել որեւէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որեւէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել», հայտարարում է Կարեն Կարապետյանը:
Գործնականում հենց նրա մարդկային հմայքի վրա է կառուցվել նրա մոտ 80 տոկոս վարկանիշը, որ ներկայացվում էր խորհրդարանի ընտրության շրջանում եւ ինչը թերեւս մոտ էր իրականությանը: Դա մնաց թերեւս Կարեն Կարապետյանի բացառիկ ռեսուրսը, նկատի ունենալով այն, որ նրա մյուս ռեսուրսը՝ փողը, որ պետք է ապահովվեր ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ, կարծես թե գնաց:
Դրա վկայությունը Սերժ Սարգսյանի հովանու ներքո Սամվել Կարապետյանի հայտարարությունն էր տասը տարվա ընթացքում մեկ միլիարդ դոլար ներդնելու մասին, որն այլ բան չէր թերեւս, քան Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարի հովանավորումից Սամվել Կարապետյանի հրաժարումը: Դա գուցե զարմանալի էլ չէ, հաշվի առնելով այն, որ Սամվել Կարապետյանը քաղաքական մարդ չէ, քաղաքականության մարդ չէ, եւ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը գտներ նրա «բիզնես սրտի բանալին», Սամվել Կարապետյանը բացելու էր Կարեն Կարապետյանի թիկունքը:
Վարչապետի հույսը կամ միակ ռեսուրսը մնում է մարդկային նկարագիրը՝ կամ դրան «երկրորդ շնչառություն» տալու շնորհիվ ձեւավորել հասարակական այնպիսի պահանջարկ կամ տրամադրություն, որ ՀՀԿ-ն չկարողանա հաշվի չառնել կամ անտեսել դա 2018-ի ապրիլին, կամ որպես հանրության մոտ հեռանալու պարագայում դեմքը պահելու տարբերակ, երբ ակնառու կլինի իշխող համակարգի հետ նկարագրային անհամատեղելիությունը, եւ մարդիկ ոչ թե կհեգնեն Կարապետյանին, որ չկարողացավ մնալ, այլ ցավ կապրեն, որ համակարգը խժռեց նրան:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play