Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին
28-11-2017 15:16:18 | Հայաստան | Քաղաքական
Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին:
Այս մասին նոյեմբերի 28-ին Երևանում կայացած Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա՝ Սյունիքում՝ Իրանի հետ սահմանին, ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։
Է. Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԱՊՀ, ԵԱՏՄ երկրներ, նաև՝ Եվրամիություն մուտք գործելու համար:
«Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից է այն, որ մեր երկիրն առևտրի արտոնյալ ռեժիմ ունի բազմաթիվ երկրների հետ, մասնավորապես, ԵԱՏՄ Հայաստանի անդամակցությամբ ստեղծվել են նոր հնարավորություններ: Մեր երկրում արտադրված ապրանքները կարող են զրոյական մաքսատուրքերով և առանց վարչարարական խոչընդոտների մուտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների շուրջ 180 միլիոն սպառող ունեցող շուկա»,- ընդգծեց արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ բացի այդ, Հայաստանն ազատ առևտուր իրականացնելու մասին համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, ինչպես նաև օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի GSP համակարգերից, Եվրամիության կողմից տրամադրվող արտոնությունների ընդհանրացված GSP + համակարգից:
Իր հերթին Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծեց, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի և Իրանի միջև բազմակողմ համագործակցությունը զարգացնելու համար:
«Մենք աշխատել ենք, որպեսզի քաղաքական և իրավական ենթակառուցվածքներ ստեղծվեն երկկողմ համագործակցությունը խթանելու համար, և ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք պետք է դյուրացնեն առևտրատնտեսական հարաբերությունները»,- նշեց ԻԻՀ ԱԳ ղեկավարը:
Վերջինիս խոսքերով՝ Հայաստանը և Իրանը համագործակցության մեծ պոտենցիալ ունեն ինչպես նորագույն տեխնոլոգիաների, այնպես էլ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտներում:
Մ. Ջավադ Զարիֆն առանձնացրեց նաև համատեղ գործարաններ հիմնելու հնարավորությունը, երբ հումքը կապահովի իրանական կողմը, իսկ հայկական կողմը կզբաղվի ապրանքների արտադրությամբ և դրանց արտահանմամբ: